ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԷԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հասարակական-քաղաքական շրջանակներում ամենաքննարկվող թեման ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի` նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած վիճաբանությունն էր: Կողմերից յուրաքանչյուրն  իր «լիազորված» անձանց շուրթերով հայտարարում էր, թե այդ վեճից իրենք են հաղթող դուրս եկել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ե՛ւ Ա. Բաղդասարյանը, ե՛ւ Գ. Ծառուկյանն իրենց խմբակցության ներկայացուցիչներին հստակ հրահանգավորել էին, թե ովքեր պետք է խոսեն այդ թեմայով: Այդ իսկ պատճառով երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ԲՀԿ-ից խոսեց միայն ԱԺ  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՕԵԿ-ից` ԱԺ խմբակցության անդամ  Հովհաննես Մարգարյանը: Փորձեցինք երկու կողմից էլ պարզել, թե որն է եղել կուսակցությունների առաջնորդների վիճաբանության թեման, որը, ի վերջո,  վերածվել է սեռական բնույթի հայհոյանքների: Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները համադրելով` «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վիճաբանության թեման եղել է Արթուր Բաղդասարյանի` վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ  «ընտրվելը»: Նշենք, որ այդ պաշտոնը մինչ այդ զբաղեցնում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Մեր տեղեկություններով՝ օդանավակայանում Գ. Ծառուկյանը հայտարարել է,  թե ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն է մեղավոր, որ այսօր ֆեդերացիայի նախագահ է ընտրվում օրենքի խախտումներով, իսկ ինքն էլ, լինելով ՀԱՕԿ նախագահ, տեղյակ չէ այդ մասին: Ա. Բաղդասարյանը սկսել է պաշտպանել Յ. Վարդանյանին` նշելով, թե ինքը՝ որպես իշխանության ներկայացուցիչ, թույլ չի տա, որ իր ներկայությամբ վիրավորեն իշխանության մեկ այլ ներկայացուցչի: Ի պատասխան հետեւել  է Գ. Ծառուկյանի` Ա. Բաղդասարյանի հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքների տարափը: Վեճն այնքան է թեժացել, որ այդ ամենին խառնվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` Բաղդասարյանին «պահելով» իր հետեւում, որպեսզի Ծառուկյանը գործի չդնի բռունցքները: Այս վիճաբանությանը ներկա են եղել ԱԱԽ 15 անդամները:
Վերը նկարագրվածը եւս մեկ անգամ ի ցույց է դնում հայրենի իշխանական էլիտայի ողջ պերճանքն ու թշվառությունը. պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք ի վիճակի չեն  կառավարել  իրենց զգացմունքները, երբ որեւէ մեկը վիճարկում է նրանց ամբիցիաները: Այս ամոթալի միջադեպից հետո այդ նույն էլիտայի մի կողմը երեկ «կատակներ» էր շրջանառում, թե Գ. Ծառուկյանի առյուծները կարծես թե նոր «հյուր» են ունենալու` ի դեմս Ա. Բաղդասարյանի, իսկ վերջինս էլ փորձում էր իրեն պատկանող կայքերով հիշեցնել Ծառուկյանի մականունը:
Թե ինչպես կհանգուցալուծվի այս վեճը, պարզ կդառնա առաջիկա օրերին, իսկ մինչ այդ՝ երեկ՝ երեկոյան, Գ. Ծառուկյանը գտնվում էր Բաղրամյան 26-ում: Մեր տեղեկություններով` Ս. Սարգսյանն ամեն կերպ փորձել է հարթել իրավիճակը, քանի որ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն  ասել էր, թե ՀԱՕԿ-ը հանդես է գալու հայտարարությամբ, ինչը նշանակում էր, որ ամեն ինչ ավելի էր թեժանալու: Ըստ մեր տեղեկությունների` Ս. Սարգսյանը այդ թեմայով շուրջ երկու ժամ զրուցել է  Գ. Ծառուկյանի հետ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս