ArmLur.am-ի տեղեկություններով` Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իր մի քանի զինակից ընկերների հետ այս պահին դարձյալ ՊՊԾ գնդի տարածքում է: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Վ. Բալասանյանն այսօր ևս բանակցություններ է վարում գունդը գրաված զինյալների հետ, որպեսզի փալուկուղային իրավիճակից ելքեր գտնվեն։
Բանակցությունների ընթացքից դեռևս մանրամասներ պարզել չհաջողվեց, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ ընդհանուր հայտարարի գալը գրեթե անհնար է թվում։ Տպավորություն կա, որ ինչպես ամենօրյա հավաքների ժամանակ է անկազմակերպվածություն նկատվում Խորենացու փողոցում, այնպես էլ ներսում է։ Թերևս պատճառն այն է, որ զինյալներն, ըստ էության, պարագլուխ չունեն։ Յուրաքանչյուրն իր տեսլականն ունի, իր սկզբունքայնությունն է դրսևորում՝ անհամաձայնության դեպքում գերադասելով կրակել՝ օդ։ Թե ինչ կստացվի, ժամանակը ցույց կտա։
ArmLur.am-ը կփորձի ավելի ուշ տեղեկանալ` ինչ արդյունք է տվել այսօրվա հանդիպումը: Հիշեցնենք, որ երեկ Վիտալի Բալասանյանի այցից հետո հաջողվել էր խմբի անդամներին և գերի ընկած ոստիկաններին սնունդ հասցնել: Սննդի հետագա կարգավորման խնդիրը Բալասանյանն իր վրա է վերցրել։
Վերջում նշենք, որ զինված խմբի անդամներն արդեն դուրս են եկել կապից, նրանց հետ այլևս անհնար է հեռախոսով խոսել։