ԼՂ ԽՆԴԻՐԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի իշխանությունը լրջագույն ձախողումներ է գրանցել արտաքին քաղաքականության ոլորտում՝ վերջնականապես տանուլ տալով նաեւ ԼՂ խնդրում: Համենայնդեպս, այս մասին են վկայում վերջին օրերին իրար հաջորդող իրադարձությունները:
Հրապարակախոս Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայտնի նամակին հաջորդեց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանի հեղինակած հայտարարությունը՝ ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին: Այդ հայտարարության հիմնական նպատակն էր մի կողմից արդարացնել Զ. Բալայանի հայտնի նամակը (քանի որ այն արժանացավ լուրջ քննադատության), հիմնավորել ու պաշտպանել այնտեղ հնչած թեզերը եւ, վերջապես, ահազանգել ԼՂ խնդրում «լուրջ վտանգի մասին» (հայտարարությունն ամբողջությամբ հրապարակվել էր «Ժողովուրդ»-ի շաբաթ օրվա համարում):
Եթե մինչեւ հիմա հանրության մի մասի մոտ, այնուամենայնիվ, տեսակետ կար, որ Զորի Բալայանի նամակին պետք չէ լուրջ վերաբերել, որ սա ծերունու հերթական արկածախնդրությունն է, ապա Հ. Քոթանջյանի այս միջամտությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում. հայտնի նամակը հենց այնպես չի ծնվել, այլ գրվել է «ղարաբաղյան կլանի» անմիջական մասնակցությամբ, եւ Զ. Բալայանի բերանով իրականում խոսում են ՀՀ իշխանությունները: Այլապես հազիվ թե Հ. Քոթանջյանը, թեկուզ եւ իր ղեկավարած կազմակերպության անունից, հանդես գար նման հայտարարությամբ:
Վերջապես, նկատի ունենանք, թե ով է Հայկ Քոթանջյանը. նա համարվում է իշխանությունների «ուղեղային կենտրոններից մեկը», ռազմաքաղաքական ոլորտի լուրջ վերլուծաբան, ում տեսակետների հետ հաշվի են նստում դրսում: Միաժամանակ նա համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմ մարդկանցից մեկը. նրանք միասին աշխատել են ՊՆ-ում: Ուստի այս հայտարարությունը պատահական չէր, եւ կարելի է ասել՝ ՀՀ իշխանությունների գրեթե պաշտոնական տեսակետն է: Թեեւ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայից «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ պնդում էին, թե այս հայտարարության հետ իշխանությունները չունեն որեւէ առնչություն:
Իսկ որո՞նք են ՀՀ իշխանությունների` նման քայլերի գնալու պատճառները: Պատասխանը մեկն է. Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական վերջին դեգերումներն ու դրանց արդյունքում գրանցած ձախողումները: Բանն այն է, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո Ս. Սարգսյանը, ըստ էության, ԼՂ խնդիրը լուծելու մանդատը հանձնեց ՌԴ-ին: Միաժամանակ նա այդպես ռազմավարական գործընկերոջը հանձնեց նաեւ ՀՀ անունից ԼՂ խնդրում որոշում կայացնելու դե ֆակտո իրավունքը:
Դժվար չէ ենթադրել, որ այսուհետ ՌԴ-ն իր մանդատն օգտագործելու է՝ բացառապես սեփական շահերից ելնելով (թե այդ շահերը որքանով կհամընկնեն կամ ընդհանրապես կհամընկնեն, թե ոչ ՀՀ շահերին, դժվար է միանշանակ ասել): Սա նշանակում է, որ ՌԴ-ն ԼՂ-ում եւ ազատագրված շրջաններում խաղաղապահների անվան տակ տեղակայելու է սեփական զորքերը` այդպես ընդլայնելով իր ռազմական ներկայությունը: Միաժամանակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ՌԴ ռազմական ներկայությունը լավ լծակ կլինի Ադրբեջանին եւս Մաքսային միություն տանելու համար: Չի բացառվում, որ սրանից հետո օրակարգից դուրս գա ԼՂ կարգավիճակի հարցը, եւ խնդիրն ինքնըստինքյան համարվի լուծված:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. գաղտնիք չէ, որ Ադրբեջանը, շնորհիվ իր ռեսուրսների, այսօր շատ ավելի «արժեք» է ներկայացնում, քան Հայաստանը: Ուստի չի բացառվում, որ հերթական անգամ ՌԴ-ի ու Ադրբեջանի միջեւ առեւտուրն ընթանա ԼՂ-ի հաշվին. համենայնդեպս, դա է հուշում պատմական փորձը. երբ ապավինելով երրորդ ուժին՝ մեր խնդիրը դարձրինք նրանց ձեռքին խաղաքարտ` իրենց իսկ հարցերը կարգավորելու համար:
Անձամբ Հայկ Քոթանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանություններ տալ` նշելով, որ իրենք հայտարարության մեջ ասել են ամեն ինչ: Իսկ ահա Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայում պնդում էին, որ իրենք այս դիմումը շարադրել են հավասարակշռված ու պատասխանատու ձեւով, որ հայտարարության մեջ որոշակի առումով նկատի ունեն նաեւ ՌԴ-ին ԼՂ խնդրի լուծման մանդատը հանձնելն ու միակողմ ուղղվածությունը դեպի ՌԴ հաշվեկշռվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափով: Պատահական չէ, որ Քոթանջյանի հայտարարությունն ուղղված է ոչ միայն ՌԴ, այլեւ համանախագահ մյուս երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներին: Այդ հայտարարությունն ՔԳ ասոցիացիան արդեն ուղարկել է համապատասխան դեսպանատներ: Սակայն դեռեւս արձագանք չի եղել:
Հ.Գ. «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետության հիմնադրույթների, պատերազմի եւ խաղաղության այլընտրանքների հետ, իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն». Լեւոն Տեր-Պետրոսյանից այս մեջբերումը` իմիջիայլոց:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս