ՈՒՐԻՇԻ ՓՈԽԱՐԵՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը երեկ ԱԺ նիստին քվեարկում էր ոչ միայն իր, այլեւ բացակա գործընկերոջ՝ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի փոխարեն. այդ փաստը ֆիքսել են նաեւ լրագրողների տեսախցիկները: Ընդ որում, Հ. Հարությունյանն ուրիշի փոխարեն քվեարկում էր այնպիսի անվրդով կերպով, կարծես իր արարքը բնական է: ԱԺ դահլիճից դուրս գալուց հետո, սակայն, նա կտրականապես հերքեց փաստը՝ ասելով, թե ինքն իր կոճակն է սեղմել: Սակայն նկատենք, որ առաջին անգամը չէ, երբ Հ. Հարությունյանը բռնվում է ուրիշի փոխարեն քվեարկելիս, ավելին, ժամանակին մամուլում հրապարակումներ եղան, թե Հարությունյանը, բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելով, ուղղակի գումար է աշխատում: Ավելի ուշ, երբ Մանվել Բադեյանը եկավ ԱԺ, «Ժողովուրդ»-ի թղթակիցը նրանից հետաքրքրվեց, թե արդյոք ինքն է ասել, խնդրել կամ վճարել Հարությունյանին, որ իր փոխարեն քվեարկի: Պատասխանը բացասական էր. «Ո՛չ»: Բադեյանն ասաց, որ նույնիսկ տեղյակ չէ կատարվածից:
ՉԻ ՓԱԿՎԵԼ
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը «ճակատագրական» արձակուրդից վերադարձել է եւ իր աշխատակիցների մոտ հայտարարել, թե իր ապագա պաշտոնավարման հետ կապված խնդիրներ չկան: Սակայն երեկ ՀՀԿ-ականները «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում հայտարարում էին, որ Ա. Մկրտումյանի պաշտոնանկության հարցը դեռեւս փակված չէ: Պարզապես այդ հարցը ձգձգվում է ավելի լուրջ իրադարձությունների պատճառով:
ԴՊՐՈՑ ՉՈՒՆԵՆ
ՀՀ Լոռու մարզի 160 բնակիչ ունեցող Քարաբերդ համայնքում արդեն տասը տարի է, ինչ դպրոց չկա: Պատճառը բնակչության թիվն է: Համայնքապետ Յուրիկ Շավելյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գյուղում այս պահին միայն ծերացող ընտանիքներ են ապրում, իսկ երիտասարդները հեռացել են գյուղից եւ հաստատվել Վանաձոր քաղաքում. «Այն ջահելությունը, որ կար, հիմա Վանաձորում է, երեխաներն այնտեղ են դասի գնում: Հարմար չէ այստեղ ապրել: Ձմեռը մեր գյուղում համարյա վեց ամիս է տեւում: Գյուղը գազաֆիկացված էլ չէ: Ես ցանկություն էի հայտնել, որ գազաֆիկացման ծրագրի մեջ մտցնեին գյուղը, այն էլ չստացվեց: Ասացին՝ բնակչությունը քիչ է»: Համայնքապետի խոսքով՝ գյուղացիների եկամտի միակ աղբյուրն անասնապահությունն է:
ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոսակցություններ են պտտվում նրա փոխարեն Աբրահամ Խաշմանյանին նշանակելու մասին: Վերջինս Հայաստանի ֆուտբոլի մինչեւ տասնինը տարեկանների հավաքականի եւ «Արարատ»-ի գլխավոր մարզիչն է, որը նախորդ տարվա նոյեմբերին որակազրկվել էր ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից՝ Կապանի «Գանձասար»-ի հետ արտագնա խաղում մրցավարին հայհոյելու համար: