15-ԱՄՅԱ ԴԱՎԻԹԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՑԻՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում սպանված 15-ամյա Դավիթ Հովակիմյանի հայրը՝ Հակոբ Հովակիմյանը, կասկածներ ունի, որ իր որդուն սպանել է Վանաձորի Տերյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, Քուրդ մականվամբ 22-ամյա Կարեն Կունգորցեւը: Ըստ հոր՝ այս սպանության մեջ շատ մութ կետեր կան:

Ձեռքի գնդակի թիմը
Վանաձորում էր

Եվ այսպես, ի՞նչն էր եղել 15-ամյա երեւանցի Դավիթի եւ վանաձորցի Կարենի վեճի պատճառը, եւ, առհասարակ, ինչպե՞ս է ստացվում, երբ ծնողները երեխային ուղարկում են ձեռքի գնդակի մրցումների, եւ երեխան այնտեղից հետ չի վերադառնում: Կատարվածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց սպանված Դավիթ Հովակիմյանի բնակարան:
Տղայի հոր` Հակոբ Հովակիմյանի խոսքով՝ Դավիթն Աջափնյակ վարչական շրջանի ձեռքի գնդակի թիմի ավագն է եղել եւ  հոկտեմբերի 9-ին գնացել էր Վանաձոր՝ մրցումների. «Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 4-ի կողմերը, որդուս հետ խոսեցի, ասաց, թե պա՛պ, կրել ենք, վերջին գոլն էլ ես եմ խփել, ու չեմպիոն ենք դարձել, մի հատ էլ վաղ? ընկերական խաղ կխաղանք ու կգանք Երեւան: Ավելի ուշ տղայիս ընկերները զանգահարել էին մյուս որդուս եւ ասել, թե Դավիթը կռիվ է արել, ու նրան խփել են»:
Նշենք, որ Վանաձորում տեղի ունեցած առաջնությանը մասնակցել են Ալավերդի քաղաքի, Երեւանի Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների եւ ԼՂՀ-ի «handball»-ի թիմերը:
Ըստ մեր զրուցակցի՝ դեպքի օրը Դավիթն իր մարզչի` Հրաչ Մխիթարյանի հետ իրենց հատկացված սենյակում է եղել, ու նրան զանգահարել է Ալավերդի քաղաքի թիմից մի տղա եւ օգնության կանչել. «Ես մարզչի մեղքն այստեղ չեմ տեսնում, քանի որ իմ որդին խաբել է իր մարզչին ու չի ասել, որ գիշերօթիկի բակում կռիվ է, ու իրեն են օգնության կանչում»:
Իսկ թե ով է եղել կոնկրետ կռիվ անողը, Դավիթին օգնության կանչողը եւ նրա ճակատագրի հետ խաղացողը, նրա ծնողներին դեռ հայտնի չէ: Ավելին, ըստ մեր զրուցակցի՝ այդ վիճաբանությունն առաջնության հաղթանակի հետ որեւէ առնչություն չի ունեցել. «Եթե հաղթանակի համար լիներ, թիմի ավագը Դավիթն էր, նրա հետ կռիվ կլիներ: Բայց կռիվ անողները եղել են ալավերդցիները կիրովականցիների հետ: Տղաս եղել է կռվողներին հանդարտեցնողը: Իմ տվյալներով՝ ինչ-որ մեկը փորձել է դանակով հարվածել որդուս ընկերոջը, որդիս էլ ցանկացել է դանակը վերցնել: Բայց չի կարողացել եւ արդյունքում ստացել է դանակի հարվածը»:
Հակոբ Հովակիմյանի նկարագրմամբ՝ իր որդուց բացի, առաջնության մասնակիցներից մեկը կացնի հարված է ստացել եւ տեղափոխվել Վանաձորի հիվանդանոց. «Ո՞ւմ դեմ բողոքեմ, այդ էրեխեքը շատ-շատ վախեցած վիճակում են: Մենակ մի բան գիտեմ, որ իմ տղան կռվի հետ կապ չի ունեցել: Ալավերդցի մի տղա է եղել կռիվ անողը, կոնկրետ նա է զանգել, որդուս օգնության կանչել: Թե ով է, չեն ասում, չգիտեմ: Միայն ասում են, որ այդ կռվին կիրովականցիները կացնով են եկել եւ եղել են մոտ 20-30 հոգով: Բոլորն էլ 20 տարեկանից բարձր տղաներ են եղել»:
Դավիթի հայրը դժվարանում է միանշանակ պնդել, թե ում հարվածից կարող էր իր որդին մահանալ. «Ախր դեպքի վայրում 20-30 հոգի է եղել, ի՞նչ իմանամ, թե ով է դանակահարել տղայիս՝ Կարենն է, թե մեկ ուրիշը»:

Նրա կյանքը կարող էին փրկել

Սպանված Դավիթի ծնողներից տեղեկացանք, որ նա դանակի ճակատագրական հարվածը ստացել է սրտից 11 սանտիմետր ներքեւ, ու երբ տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց, նրա գիտակցությունը տեղն է եղել, նա խոսել է մարզչի հետ: «Երբ ես հասա հիվանդանոց, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ղուկասյանն ասաց, թե կասկածում է, որ հարվածը հասել է նաեւ սրտին: Բայց երկու ժամից ավել երեխաս այդ վիճակում է եղել, միայն դրենաժ են դրել ու սպասել: Երբ հասա այնտեղ, ասացի՝ բժի՛շկ, եթե պետք է, տեղափոխեմ երեխայիս կամ Երեւանից բրիգադ հրավիրեմ: Նա էլ ասաց, թե չես հասցնի: Ասացի՝ բացե՛ք, տեսե՛ք՝ հարվածը հասել է սրտին, թե ոչ: Ու դրանից 2 ժամ հետո ինձ ասացին, որ տղայիս սիրտը կանգ է առել: Եթե բժիշկը սկզբից բացեր, տեսներ՝ սիրտը ծակված է, թե ոչ, ամեն ինչ կարող էր այլ լինել: Մասնագետ լինեի, ես իրեն դուրս կշպրտեի եւ իմ էրեխուն անձամբ կփրկեի: Ախր նրանք սպասել են, մինչեւ արյուն հասցնեի, որ նոր ներարկեին»,-խորը հոգոց հանելով՝ պատմեց Հակոբ Հովակիմյանը:
Դավիթի պապիկ Հովհաննեսի խոսքով՝ իր թոռնիկի խելքը սպորտի համար գնում էր: «Եթե հիվանդանոցում ամեն ինչ նորմալ արած լինեին, խիղճս հանգիստ կլիներ, որ ամեն ինչ արեցին թոռնիկիս փրկելու համար, բայց… Երազում էր ընդունվել Ֆիզկուլտինստիտուտ, չկար մեկը, որ Դավիթիս չսիրեր»,-արցունքակալած աչքերով պատմեց Հովհաննես պապը:
Զրուցեցինք նաեւ Վանաձորի հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ Վլադիմիր Ղուկասյանի հետ՝ պարզելու՝ արդյոք իրենք արել են ամեն հնարավորը՝ 15-ամյա Դավիթի կյանքը փրկելու համար, եւ ինչու են կասկածում նրա ծնողները: «Դավիթի վիճակը բարդ էր: Մենք, բժշկության կանոնները պահպանելով, փորձել ենք ամեն ինչ անել տղայի կյանքը փրկելու համար»,-բացատրեց Ղուկասյանը:
 «Ժողովուրդ»-ը փորձեց ոստիկանությունից պարզել, թե հայտնի է արդյոք՝ ով է անձամբ զանգահարել Դավիթին, եւ, առհասարակ, այս գործով այլ կալանավորվածներ կան՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ դեպքի վայրում եղել է 20-30 երիտասարդ: Ոստիկանության պատասխանը մեկն էր՝ քննությունը շարունակվում է: Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): 22-ամյա Կարեն Կունգորցեւը կալանավորված է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս