ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՐԴԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՎՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2010-ին ընդունված եւ արդեն ուժի մեջ մտած որդեգրման կարգի կիրառմամբ Հայաստանում օտարերկրյա որդեգրությունը դյուրացվեց, մինչդեռ երկրի ներսում կատարվելիք որդեգրությունների վրա այս որոշումը չտարածվեց:
Հայաստանցի ծնողների կողմից երեխա որդեգրելու գործընթացում թղթատարության շղթան անփոփոխ է. հայ ծնողը հայ երեխա որդեգրելու համար առավել մեծ փորձություններ պիտի հաղթահարի, քան օտարերկրացին: Վերջիններիս համար կարգի այս դյուրացումը հայաստանցի որդեգիրների մոտ դժգոհություններ է առաջացրել:
Իր մտահոգությունը «Ժողովուրդ»-ին հայտնած, արդեն մի քանի տարի որդեգրություն իրականացնել փորձող հայ քաղաքացին հասկանալի պատճառով խնդրեց չնշել իր անունը: Վերջինս խորը վիրավորանք ու հիասթափություն է զգում. «Իմ երկրում հայ երեխա չեմ կարող որդեգրել, մինչդեռ աչքիս առաջ հայ մանուկներին համարյա անարգել դուրս են տանում: Արդեն 2 տարի փաստաթղթային բյուրոկրատական քաշքշուկների մեջ ենք, եւ վերջը չի երեւում: Ինչո՞ւ են երկրից դուրս տանելը դյուրացրել, իսկ հայաստանցիներիս կարծես արհամարհում են»:
Ինչպես ներկայացված է ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում, ընդունված կարգը համապատասխանեցվել է Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին Հաագայի կոնվենցիայի պահանջներին, որին Հայաստանը միացել է: Որդեգրման կարգով գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար հնարավորինս կրճատվել են ներպետական պրոցեսները՝ ներքին փաստաթղթաշրջանառությունը: Եթե նախկինում որդեգրման ենթակա գործերն ուղարկվում էին կառավարություն, այնտեղից էլ ոստիկանություն՝ գործի վերաբերյալ եզրակացություն տալու համար, նոր կարգով գործերն ուղարկվում են անմիջապես ոստիկանություն: Արդյունքում, եթե նախկինում ներքին գործընթացները, մինչեւ որդեգրման թույլտվություն ստանալու համար դատարան դիմելը, տեւում էին մի քանի ամիս, այժմ կատարվում են  մեկուկես ամսից երկու ամսվա ընթացքում: Միաժամանակ, որդեգրողների շահերից ելնելով, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը երկարացվել է եւ մեկ տարուց հասցվել մեկուկես տարվա:
Արդյո՞ք փաստաթղթային շրջանառության պարզեցումը չի խթանի երեխաներին որդեգրման միջոցով Հայաստանից դուրս տանելու գործընթացը, եւ ինչքանո՞վ են արդարացված մեզ դիմած քաղաքացու մտահոգությունները: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի հետ: Նրա հավաստմամբ` անհանգստանալու առիթ չկա. «Բարեբախտաբար, օտարերկրյա որդեգրությունները նվազման միտում ունեն, սա կապված է գուցե նաեւ նրա հետ, որ վերջին շրջանում առողջ երեխաներից հրաժարվելու դեպքերը նվազել են, իսկ առողջական խնդիրներ ունեցող երեխաներին որդեգրել ցանկացողներն էլ, դժբախտաբար, շատ չեն` լինի երկրի ներսում, թե դրսում»: Ըստ Ղազարյանի` որդեգրման կարգի փոփոխությունները չեն խթանում երկրից երեխաներին դուրս տանելու գործընթացը, ընդհակառակը, այդ փոփոխությունների արդյունքում պետական վերահսկողությունն առավել ուժեղացել է, քանի որ գործընթացով զբաղվում են միաժամանակ մի քանի նախարարություններ` ՀՀ արդարադատության, աշխատանքի ու սոցիալական հարցերի, առողջապահության եւ արտաքին գործերի: Բնականաբար, նաեւ ոստիկանության համապատասխան կառույցները:
Լալա Ղազարյանը նշեց նաեւ, որ որդեգրումից հետո երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին որեւէ տեղեկատվություն մինչ օրս չի եղել: Հայ մանուկներին որդեգրած օտարերկրյա ծնողները հիմնականում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, վերջերս նաեւ Կանադայից եւ Ռուսաստանից են:
Նշենք, որ օտարերկրյա որդեգրությունների իրականացման  գործընթացը համակարգում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը: Ինչպես վերջերս ներկայացրել էր ՔԱԳԳ պետի տեղակալ Արգամ Ստեփանյանը, Հայաստանում օտարերկրյա որդեգրումները շատ չեն՝ միջին հաշվով տարեկան մոտ 200 ընտանիք է Հայաստանից երեխա որդեգրելու ցանկություն հայտնում, սակայն նրանցից միայն 40-60-ն են երեխա որդեգրում: Ընդ որում, օտարերկրյա որդեգրման թվերը նվազելու միտում ունեն. եթե 2011թ. 137 որդեգրությունից 69-ն է եղել օտարերկրյա, 2012թ.՝ 102-ից 53-ը, ապա այս տարվա 5 ամիսներին ընթացք է տրվել այդպիսի որդեգրման 17 գործի:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս