Հուլիսի 17-ին, ժամը 05։28-ի սահմաններում «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը։ Մինչ այժմ գնդի ներսում է գտնվում չորս ոստիկան, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Ամեն օր զինյալներին աջակցելու նպատակով Խորենացի փողոցում քաղաքացիներ են հավաքվում: Անցնող օրև ևս բացառություն չէր: Օրն առանձնացավ նրանով, որ երեկ ցուցարարներին կրկին միացավ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա կրկին համախմբեց ցուցարարներին և ելույթներով հանդես եկավ:
Երեկվա հավաքը նաև բավականին մարդաշատ էր:
Նշենք նաև, որ ի տարբերություն նախորդ օրերի, երեկ Խորենացի փողոցում ոստիկանները ավելի քիչ էին:
Հավելենք, որ երեկ վերջապես երկար լռությունից հետո խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մասնավորապես Սերժ Սարգսյանը նշել էր. «Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն: Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը: Պատանդները պետք է ազատ արձակվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը: Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ»:
Որքան էլ տարօրինակ, սակայն նույն օրը ստեղծված իրավիճակի մասին իր խոսքն ասաց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Անիմաստ է բարոյա-խրատական քարոզներ կարդալ և հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին և նրա զինակիցներին», -նշել էր առաջին նախագահը: