«ԻՆՁ ՍՏՎԵՐՈՒՄ ԵՄ ԶԳՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նկարահանվել է ավելի քան 15 ֆիլմերում, դրանցից առավել հայտնիներն են` «Ոչինչ չի մնա», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Գարեգին Նժդեհ»:
Դերասանը հանդես է եկել նաեւ որպես հաղորդավար «Վերջին այցելուն», «20-րդ դար» հեռուստանախագծերում, ինչպես նաեւ նկարահանվել է «Ռուզանի սիրտը», «Որբեր 2», «Երեք կյանք» եւ մի քանի այլ սերիալներում: Արմեն Մարգարյանն արդեն 23 տարի է՝ աշխատում է Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Իսկ քննադատությանը, թե այսօրվա թատրոնը կորցրել է դեմքը, համաձայն չէ` նկատելով, որ թատրոնը չի կարող կորցնել իր դեմքն այնքանով, քանի դեռ շփվում է մարդու զգացողությունների հետ. «Մարդը կարիք ունի թատրոնի, որովհետեւ ինքը էնտեղ տեսնում է իրեն»:
-Վերջերս իմ ընթերցանության սեղանին «Անիկստ» մենագրությունն է՝ Շեքսպիրի ժամանակաշրջանի հասարակական, քաղաքական, արքունական անցուդարձն ընդգրկող: Էնտեղ թատրոնը բարձրացնող ու պահող երկու կարեւոր հանգամանք գտա: Նախ` պետության վերաբերմունքը թատրոնին: Ելիզավետայի կառավարման ժամանակ թատրոնը զարգացավ, եւ գիտե՞ք՝ ինչու, որովհետեւ Ելիզավետան ցնցված էր թատրոնով, սիրում էր: Զարգանում է արվեստի այն տեսակը, որը սիրում են թագավորներն ու երկրի ղեկավարները:
-Ի՞նչ եք կարծում, մեր «թագավորները» սիրո՞ւմ են թատրոնը:
-Ելնելով մեր իրադրությունից՝ կարելի է ենթադրել, թե որքանով են սիրում թատերական արվեստը: Դրա մասին խոսելն անիմաստ եմ համարում: Իսկ անդրադառնալով թատրոնի զարգացման ճանապարհին՝ այն զարգանում է երկրում, որտեղ կա հիմնավոր ու բարձր դրամատուրգիա, իսկական դրամատուրգներ, որոնք իրենց հետեւից տանում են թատրոնը: Մենք ունենք նաեւ իրենց պակասը:
-Իսկ ներդրումներ, ֆինանսական միջոցներ պե՞տք չեն…
-Չգիտեմ՝ մյուս թատրոններն ինչպես են լուծում իրենց ֆինանսական հարցերը, մենք պետության կողմից ենք հովանավորվում: Այսօր մեր թատրոնում նոր ներկայացումներ են գնում, բայց հարցն այն է, թե ինչքան են ֆինանսավորվում: Մենք գիտենք, որ մեծ ստեղծագործական երեւույթներ ստանալու համար շատ կարեւոր է ունենալ նաեւ ֆինանսական մեծ բյուջե:
-Դուք պետական կառույցի աշխատող եք, գիտենք Ձեր աշխատավարձի չափը, այնուամենայնիվ, սիրո՞վ եք աշխատում թատրոնում:
-Շատ ցավալի հարց եք բարձրացնում: Ես ինքս ավարտել եմ Խորեն Աբրահամյանի դասարանը, երկրորդ կուրսից իր իսկ կողմից հրավիրվել եմ թատրոն՝ աշխատանքի: Այն ժամանակ բացարձակ երջանկություն էր մայր թատրոնի դերասան լինելը: Երիտասարդ տարիներին ասում էի` ինձ պետք չէ այդ աշխատավարձը, միայն ես գամ, կանգնեմ այդ բեմում, որտեղ ժամանակին մեծերն են խաղացել, զգամ այդ շունչը, ոգին… Բայց երբ դու ընտանիք ես կազմում, հասկանում ես, որ ֆինանսն իր տեղն է գրավում քո կյանքում: Էլ ի՞նչ ասեմ, լավ գիտեք, որ թատրոնի աշխատավարձը ոչ միայն չի բավարարում, այլեւ… չխոսենք այդ մասին:
-Վիրավորակա՞ն չէ:
-Ումի՞ց վիրավորվեմ:
-Պետությունից, որը չի գնահատում իր արվեստագետին:
-Վիրավորական է, բայց ի՞նչ անես: Երբ ասում ենք Ֆրանսիա, չենք պատկերացնում նավթ կամ գազ, պատկերացնում ենք մշակույթ, գեղանկարչություն, ասում ենք Իտալիա, պատկերացնում ենք ճարտարապետություն: Հայաստան ասելով՝ մենք ի՞նչ ենք պատկերացնում: Ա՛յ այսօր մենք այդ խնդիրն ունենք: Երբ լսում ես Հայաստան բառը, անկախ քեզանից՝ այն ասոցացվում է ստրատեգիական խնդիրների հետ` Ցեղասպանություն, սահմաններ եւ այլն: Ո՞ւր մնաց մշակույթը, կարծես մեր երկրի հետ այն ոչ մի կերպ չի էլ առնչվում: Բայց չէ՞ որ մենք ծաղկուն միջնադար ենք ունեցել՝ թե՛ գրականության, թե՛ ճարտարապետության, էլ չեմ ասում, եթե գնանք մեր հին թագավորների` Տիգրանի, Արտավազդի ժամանակաշրջանը, ինչեր են եղել: Այդ նույն Արտավազդը հիմնեց թատրոնը դեռ մեր թվարկությունից առաջ: Մենք պետք է հիշենք, թե ինչ ճանապարհ ենք անցել ու որտեղ ենք հայտնվել: Փաստորեն, միջնադարում համարվել ենք քրիստոնեական մշակույթ կրող ազգ, մինչդեռ այդ ժամանակ եվրոպական շատ երկրներ վիքինգներ են եղել, մի կտոր մսի կամ հացի համար իրար են սպանել: Հիմա տեսե՛ք այսօրվա տարբերությունը: Այսօր այդ վիքինգները քաղաքակիրթ երկրներ են համարվում, նրանք կարողացան իրենց կրոնը ճիշտ օգտագործել, հասան ժողովրդավարության, իսկ մենք հեռացանք քրիստոնեական արժեքներից:
-Այդուամենայնիվ, պաշտոնապես հայտարարվում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Նկատո՞ւմ եք, որ ժողովրդի ձայնը որեւէ հարցում տեղ հասնի:
-Ճիշտն ասած, որպես քաղաքացի՝ ես մտահոգված եմ, քանի որ տեսնում եմ` ժողովրդի հայացքներն անտեսված են շատ ու շատ հարցերում: Դու կարո՞ղ ես ապրել մի երկրում, որտեղ քո փոխարեն ինչ-որ մեկն ինչ-որ բան է որոշում: Չես կարողանում ասել` ես այսպես կամ այնպես եմ ուզում: Ես լքված եմ, ինձ ստվերում եմ զգում: Օրինակ՝ ես հակված չէի միանալ Մաքսային միությանը` թողնելով եվրոպական այդ երկրները: Ինչպե՞ս կարելի է Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան փոխարինել  Ղրղըզստանով, Ղազախստանով, որոնց հետ ես ոչ մի առնչություն չեմ ունենում: Ռուսաստանն էլ այսօր առանձնապես չեմ համարում ժողովրդավարական երկիր, այնտեղ ես տեսնում եմ ֆեոդալական երկրի ավելի մոդեռնացված վարիացիաներ:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս