ՀԱՄԱԳՈՒՄԱ՞Ր… ՉԷ՛, ԿՈԼԽՈԶԻ ԺՈՂՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին կայացավ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) արտահերթ համագումարը, որի արդյունքում ընտրվեց միության նոր նախագահ։
Թեկնածուները երեքն էին՝ ՀԳՄ քարտուղար Էդուարդ Միլիտոնյանը, Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը եւ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը, որոնք նախապես էին գրանցվել, ավելին, «Գրական թերթ»-ում ներկայացրել էին իրենց ծրագրային դրույթները։ Այդ երեք թեկնածուներին միացան նաեւ համագումարի ընթացքում առաջադրված 2 թեկնածուները՝ Ռոմիկ Սարդարյանն ու Վլադիմիր Հայրապետյանը։ Վերջինս ասելիքը համառոտ ներկայացնելուց հետո ինքնաբացարկ հայտնեց, եւ ընտրությունն ընթացավ չորս հոգու միջեւ։ Ի վերջո, 199 քվեով ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդ. Միլիտոնյանը, Հ. Հովեյանը ստացավ 100, Դ. Սարգսյանը՝ 24, իսկ Ռ. Սարդարյանը՝ 4 քվե։
Համագումարն ընթացավ լարված մթնոլորտում։ Ընդ որում, այս անգամ կաղում էր նաեւ կազմակերպչական կողմը: Մասնավորապես, գրականագետ Վազգեն Գաբրիելյանը հաճախ չէր կարողանում զսպել կրքերը, ներկայացնել ասելիքն ու կանոնադրական դրույթները։ Հատկապես մեծ լարվածություն ստեղծվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը հայտարարելուց հետո։ Գրողներից շատերն առաջարկեցին, որ հանձնաժողովում երկուական հոգի ընդգրկվեն թեկնածուների ցանկությամբ։ Այդպես էլ եղավ, բայց դրանից հետո էլ գրողներից ոմանք կանոնադրական փոփոխությունների պահանջ ներկայացրին, իսկ հիմնական տարաձայնությունը սփյուռքի գրողների՝ ընտրությանը մասնակցել-չմասնակցելու խնդրի շուրջ էր։ Գրողների մի մասը կարծում էր, որ նրանք էլ պետք է էլեկտրոնային տարբերակով մասնակցեն, մյուս մասն էլ համոզված էր, որ դա սխալ է։ Երրորդներն էլ պնդում էին, որ սփյուռքի՝ ՀԳՄ անդամ գրողները կարող են քվեարկել միայն դահլիճում ներկա լինելու դեպքում։ Եթե դրան էլ ավելացնենք, որ ոմանք համարձակություն ստանալու համար «առյուծի կաթ» էին խմել, ապա համագումարի պատկերը գրեթե կամբողջանա. այն  «կոլխոզի ժողով» էր հիշեցնում։ Բայց քվեարկելու վերաբերյալ շուկայականին մոտ մակարդակով այդ խոսակցությունները ոչինչ չփոխեցին, եւ արդեն նախօրոք էլեկտրոնային տարբերակով քվեարկած սփյուռքի գրողների քվեները նույնպես հաշվվեցին։ Հանուն արդարության նշենք, որ դրանք էական ազդեցություն չունեցան. Միլիտոնյանը սփյուռքից ստացավ 40, Հովեյանը՝ 13 քվե, իսկ Դ. Սարգսյանն ու Ռ. Սարդարյանը քվեներ չստացան։
Ի դեպ, ՀԳՄ համագումարներից մեկի ժամանակ միության ղեկավարությունը կարգադրել էր ներս չթողնել իրենց թանին թթու ասած լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Այս անգամ, բարեբախտաբար, նման բան չնկատվեց, սակայն, ամեն դեպքում, լրագրողների գործունեությունը խոչընդոտելու փորձ արվեց. քվեների հաշվարկի ժամանակ չէին ցանկանում ներս թողնել, սակայն շուտով մեծահոգաբար չորս լրագրողի թույլատրեցին մասնակցել այդ գործընթացին։
Համագումարի վերաբերյալ գրող Վահագն Մուղնեցյանի կարծիքը կներկայացնենք վաղվա համարում։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս