Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով հուլիսի 24-ին Օլիմպիական խաղերի մայրաքաղաք մեկնեցին Հայաստանի պատվիրակության ղեկավար` Դերենիկ Գաբրիելյանը և Խաղերի ադմինիստրատիվ աշխատակիցներ` Անժելա Միրզոյանն ու Գոհար Հովհաննիսյանը:
Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոնը Դերենիկ Գաբրիելյանի համար 5-րդն է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահը մեծ պատիվ է համարում ՀԱՕԿ նախագահ` Գագիկ Ծառուկյանի վստահությանն արժանանալը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Գաբրիելյանը նշեց, որ մեծ ակնկալիքներով է այս անգամ մեկնում Ռիո:
«Աստծո կամոք՝ այս անգամ մենք կունենանք և՛ ոսկե, և՛ արծաթե, և՛ բրոնզե մեդալներ: Ես գնում եմ այդ հույսով: Մեծ աշխատանք է տարվել ՀԱՕԿ-ի և անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից: Դուք ինքներդ տեսաք, թե մեր ժողորուրդն ինչքան է սիրում սպորտը: Անգամ այստեղ՝ օդանավակայանում, ճանաչեցին մեզ և մոտեցան, օգնեցին ինչով կարող էին, բարի ճանապարհ մաղթեցին: Ես շնորհակալ եմ իմ հայրենակիցներին և վստահ եմ, որ նրանք սպասում են մեր մարզիկների հաղթանակներին: Թվում է՝ պատվիրակության ղեկավար լինելը հեշտ է: Ասեմ ձեզ` դա այդքան էլ այդպես չէ: ՀԱՕԿ նախագահ` Գագիկ Ծառուկյանն արդեն հինգերորդ անգամ ինձ է վստահում այդ պաշտոնը, որը բավականին պատասխանատու է: Հիմա, երբ կհասնենք մրցատեղի, շատ հարցեր պետք է կարգավորենք՝ սկսած անվտանգությունից, վերջացրած՝ սնունդով, տրանսպորտով և այլ տնտեսական մանրուքներով: Պետք է, որ ամեն ինչ հրաշալի լինի: Հավատում և սպասում եմ, հաջողություն»,- ասաց Գաբրիելյանը:
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը աշխարհի 205 երկներից մոտ 10.500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուների համար:
ՀԱՕԿ լրատվության բաժին