«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ԿՈՐՑՆՈՒՄ Է ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում, որտեղ հինգ պատգամավորից մնացել է ընդամենը երեքը, կրքերը չեն հանդարտվում. երեկ անսպասելիորեն հրաժարական է ներկայացրել այս խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նրա փոխարեն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Զարուհի Փոստանջյանը:
Ռ. Հակոբյանը երեկ չի ցանկացել խոսել իր հրաժարականի պատճառների մասին: «Չեմ կարծում, թե որեւէ արտառոց եւ լուրջ բան է տեղի ունեցել: Ես ընդամենը հրաժարվել եմ այդ պաշտոնից եւ խնդրել իմ գործընկերներին հարգանքով վերաբերվել այդ որոշմանը»,-ասել է  Հակոբյանը: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Հակոբյանի հրաժարականի պատճառը կուսակցության ներսում առկա հակասություններն են: Ըստ մեր տեղեկությունների՝ Հակոբյանը կուսակցության ներսում ընկալվում է որպես իշխանությունների ազդեցության տակ գտնվող մարդ: Խնդիրն ավելի է սրվել Զ. Փոստանջյանի՝ Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ Սերժ Սարգսյանին ուղղված սկանդալային հարցից հետո: Բանն այն է, որ Ռ. Հակոբյանը, ի տարբերություն «Ժառանգության» մյուս անդամների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ այլոց, ոչ միայն չի փորձել պաշտպանել Փոստանջյանին, այլեւ ընդհակառակը, ասել է, որ անձամբ ինքը նման հարց չէր տա: Եվ ահա, ըստ մեր աղբյուրների, Փոստանջյանը Երեւան վերադառնալուց հետո դժգոհել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Դրանից հետո կուսակցությունում տեղի է ունեցել հանդիպում, որն ընթացել է բավական թեժ մթնոլորտում, Ր. Հովհաննիսյանն ասել է, թե Հակոբյանի գործելաոճը դժվարացնում է իրենց աշխատանքը: Վերջինս էլ հայտարարել է, թե այդ դեպքում ինքը հրաժարական է ներկայացնում: «Ժողովուրդ»-ի աղբյուրները չեն բացառում, որ որոշ ժամանակ անց Ռ. Հակոբյանը լքի նաեւ կուսակցությունը՝ բայց մանդատից չզրկվելու համար դե յուրե մնալով խմբակցության կազմում:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, հերքեց հակասությունների մասին լուրերը՝ հավաստիացնելով, որ գոնե իրեն նման բան հայտնի չէ: Նա ասաց, թե իրենք շարունակում են աշխատել: Զարուհի Փոստանջյանը եւս  լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց հակասությունների մասին լուրերը:
Ուշագրավն այն է, որ ե՛ւ Զարուհի Փոստանջյանը, ե՛ւ Թեւան Պողոսյանը, ե՛ւ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը, ի դեպ, երեկ եկել էր ԱԺ՝ խմբակցության նիստին մասնակցելու համար, հայտարարեցին, թե Հակոբյանի հրաժարականն անսպասելի է եղել իրենց համար եւ այդ մասին իմացել են երեկ՝ առավոտյան: Ավելին, Ա. Մարտիրոսյանը նաեւ ասաց, թե Հակոբյանի հրաժարականը քաղաքական, կուսակցական չէ, այլապես կուսակցությունում այդ մասին կիմանային: Փաստորեն, ստացվում է զավեշտալի մի պատկեր. ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի փոփոխություն է տեղի ունենում, բայց կուսակցությունում այդ մասին տեղյակ չեն. գոնե պատասխանատուներն այդպես են հավաստիացնում: Իսկ սա արդեն խոսում է այդ քաղաքական ուժի լրջության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին:
Հ.Գ. «Մնացինք անժառանգ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ժառանգության» շուրջ տեղի ունեցող իրադարձություններին այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս