ԴԺԳՈՀԵԼ Է
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը ցանկանում է՝ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հրաժարվի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Մեր տեղեկություններով՝ Գ. Ծառուկյանը շատ վրդովված է Արթուր Բաղդասարյանի պահվածքից, որ օրենքի խախտմամբ, առանց իր իմացության ֆեդերացիայի նախագահ է դարձել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից պարզել տեղեկության իսկությունը, սակայն վերջինս հայտարարեց, թե ինքը որեւէ բան չի մեկնաբանում. «Երբ ես բան ունենամ ասելու, խոստացել եմ՝ հրապարակայնորեն կանդրադառնամ այդ ամեն ինչին, բայց այժմ որեւէ բան չեմ ցանկանում ասել»:
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ «ԻՆԱԴՈՒ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր Բելառուսի դեսպանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից «Մարդասիրության մեդալ» է հանձնելու: Նշենք, որ սեպտեմբերի 5-ին էլ Ա. Լուկաշենկոն «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Գ. Ծառուկյանին պարգեւատրել էր «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով՝ «Բելառուսի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական եւ քաղաքական կապերի զարգացման գործում մեծ անձնական ներդրում ունենալու համար»: Փաստորեն, Լուկաշենկոյի համար սովորություն է դարձել Ծառուկյանին մեդալ տալը:
ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանն Օրբելու 6 հասցեում գտնվող իր վաճառած բնակարանը չի ազատում: Բնակարանի գնորդը՝ պարուսույց Նունե Մկրտչյանը, տեղեկացրեց, որ դատավորն այդպես էլ չի հայտնվել, նրա փոխարեն բնակարանի բանալիները հանձնել է քույրը, քանի որ դատավորը հիվանդանոցում է:
ՍՏՈՐԱԳՐԵՑ
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ստորագրել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայկական պատվիրակությունների կազմավորման կարգը: Հիշեցնենք, որ նա առավոտյան խորհրդակցություն էր անցկացրել ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ու ներկայացրել կազմավորման կարգի նախագիծը, ԱԺ խմբակցությունների ղեկավարներն էլ Աբրահամյանին ներկայացրել էին իրենց առաջարկները: Թե կոնկրետ ինչ տարբերակի վրա է Աբրահամյանը «կանգ առել», ճշտել չհաջողվեց: ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց պատվիրակությունների կազմավորման կարգը ստորագրելու մասին լուրը եւ ասաց, որ այն առավոտյան տեղադրված կլինի ԱԺ կայքում:
Այս փաստաթուղթն ուշագրավ է Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկել-չընդգրկելու ֆոնին: