ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ «ԹԱՄԲԱԼՈՒԹՅԱՆ» ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աղքատ են նաեւ, որովհետեւ գիտելիքների պակաս կա». այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է. նախորդ տարվա դեկտեմբերին՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայ համայնքի հետ հանդիպմանը, վարչապետն այսպես էր բացատրել Հայաստանում աղքատության սրընթաց աճը:
Պարզվում է՝ հետագա ամիսների ընթացքում Տ. Սարգսյանն էլ ավելի է զարգացրել իր այս թեզն ու հիմա ներկայացնում է եւս մեկ պնդում. «Գործազուրկ են, որովհետեւ գիտելիքների պակաս կա»: Ու հիմա Տ. Սարգսյանի կառավարությունը որոշել է, այնուամենայնիվ, իրականացնել իր հռչակած «մարդկանց մտածելակերպի հեղափոխությունը»: Ճիշտ է, վարչապետն այս թեզը դեռ անձամբ չի հրապարակել, բայց նրա նոր հայտնագործության մասին է վկայում կառավարության՝ ԱԺ ներկայացրած «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է վերացնել գործազրկության նպաստը: Իսկ այդ գումարներն ուղղվելու են գործազուրկների ուսուցմանը, որպեսզի մասնագիտական որակները բարձրացնեն, եւ մարդը կարողանա հեշտությամբ աշխատանք գտնել: Նշենք, որ խոսքը մոտ 20 հազար մարդու մասին է, որոնք ամսական ստանում են մոտ 18-հազարական դրամ:
Իհարկե, որեւէ վատ բան չկա նրանում, որ իշխանությունները զբաղված են ժողովրդի կրթական մակարդակը բարձրացնելով: Սակայն խնդիրն այն է, որ այսօր Հայաստանում գործազրկությունը մեծ չափերի է հասել ոչ թե մարդկանց զանգվածային անգրագիտության, այլ պարզապես աշխատատեղերի բացակայության պատճառով: Իսկ այս օրինագծի ներկայացման իրական պատճառը բյուջեում գումարի սղությունն է, եւ հիմա իշխանությունները չեն կարող անգամ ապահովել ամսական մոտ 350 մլն դրամ նպաստը, ուստի որոշել են տնտեսել գործազուրկների նպաստների հաշվին:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. շատերը կհիշեն, թե ինչպիսի անփառունակ վախճան ունեցավ Տարոն Մարգարյանի՝ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ արած հայտարարությունը, թե Երեւանում 150 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղեր կան, պարզապես մարդիկ չեն ցանկանում աշխատել: Նույն Ս. Սարգսյանն էլ իր հերթին էր պարբերաբար կրկնում այդ միտքը, դեռ ավելին՝ հավելելով, թե մարդիկ արտերկրում ավելի ծանր աշխատանքը գերադասում են հայրենիքում եղածից: Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց՝ 150 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերի մասին իշխանությունների հայտարարությունը բացարձակ սուտ է. չկա որեւէ աշխատատեղ:
Հիմա նույն ճակատագիրն է սպասվում այս ծրագրին: Երեկ ոչ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորներն ամեն գնով փորձում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից ստանալ մեկ հարցի պատասխան. իսկ ո՞ւր են այդ աշխատատեղերը, որտեղ պետք է աշխատի «որակավորված, կրթված» ՀՀ քաղաքացին: Բայց՝ ապարդյուն: Փոխարենը ՀՀԿ-ական պատգամավորներն էին փորձում ամեն գնով ապացուցել, որ սա հրաշալի օրինագիծ է, որ այդպես մարդկանց մեջ փոխվում է «մուրացիկի հոգեբանությունը», որ մարդիկ այլեւս ձեռքները չեն պարզի ու պետությունից գումար չեն խնդրի: Դեռ ավելին, պարզվեց՝ իշխանությունների «փիլիսոփայությունը լուրջ հեռանկարներ ունի»:
Սակայն ՀՀԿ-ականների հայտարարություններին հակադարձեցին ոչ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իշխանական պատգամավորների ելույթներից եկել է հետեւյալ եզրակացության. «Տպավորություն է, թե ՀՀ քաղաքացիները մուրացիկ են, նպաստ ստանալուն սովոր քաղաքացիներ են, եւ մենք պետք է օրենք ընդունենք, որ իրենք հոգեբանությունը փոխեն, որ վերջապես դուրս գան ծուլության մշտնջենական թմբիրից, գնան, աշխատեն այն լայնածավալ աշխատատեղերում, որ մեզ համար ստեղծել է այս իշխանությունը, այս կառավարությունը: Քանի որ ՀՀ քաղաքացիները սովոր չեն աշխատելու, սովոր են նպաստ ստանալու, մենք հիմա այս օրենքով հոգեբանության մեջ բեկում ենք փորձում մտցնել եւ նրանց ուղղել դեպի աշխատատեղեր»: Նա նաեւ հավելեց, թե այս կառավարությանը չպետք է թողնել՝ որեւէ խնդիր կարգավորի, քանի որ հետեւանքը լինում է հակառակը: «Այս կառավարության խոստումների համաձայն՝ մենք պետք է ունենայինք յոթանասուն հազարով ավելի աշխատատեղեր եւ50 հազար ՓՄՁ-ներ… բայց որտե՞ղ են դրանք՝ չկան: Չկան, որովհետեւ այս կառավարության ցանկացած խոստում դատարկ օդ է, դատարկ օդ՝ կրակված պոպուլիստական դիվիդենտներ շահելու համար,-նշեց նա՝ ավելացնելով, որ խնդիրը ոչ թե քաղաքացիների հոգեբանությունն է, այլ այն, որ ՀՀ-ում չկան աշխատատեղեր,-մեր երկրի հիմնական ողբերգությունն այն է, որ ձեր վարած քաղաքականության արդյունքում այսօր գոյություն չունի աշխատատեղ: Մարդիկ հեռանում են, գործազուրկ են ոչ թե այն պատճառով, որ որակավորված չեն, չեն համապատասխանում չափորոշիչներին, այլ որովհետեւ չկա աշխատատեղ»:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին էր պնդում, որ այս կառավարությանն այլեւս չի կարելի հավատալ: «Փորձ է արվում ներկայացնել, թե այս օրենքով Հայաստանում զբաղվածության խնդիրն է լուծվելու, բայց դա այդպես չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունները ոչ մի առաջընթաց չեն կարող ապահովել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս