Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին թմրանյութի կասկածանքով ձերբակալվել է: Թեեւ ոստիկանությունից մեզ հայտնել էին, թե նման բան չկա, սակայն երեկ պաշտոնապես հաստատվեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը ճիշտ էր:
Ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Յուրի Վարդանյանի որդու` 29-ամյա Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 6 տարի ժամկետով) եւ 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թմրամիջոցների մաքսանենգությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով):
Դատարանի միջոցով արդեն խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Իսկ հոկտեմբերի 16-ին հարուցված քրգործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերի քննության վարչության վարույթ: Դավիթ Վարդանյանն այս պահին գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Դ. Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 15-ին, սակայն, ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, նրան ձերբակալել են հոկտեմբերի 13-ին՝ Իրան-Հայաստան սահմանը հատելիս, մասնավորապես Մեղրի-Քաջարան ճանապարի 35-րդ կմ-ի վրա: Այդ օրը Դավիթը թմրանյութի տոպրակների մի մասը կապել է փորին, իսկ մի մասն էլ ձեռքերի հատվածում՝ շորի մեջ թաքցնելով է փորձել անցկացնել եւ բռնվել է, սակայն ոստիկանները 8 օր է՝ լռում էին:
Իհարկե, զարմանալի չէ, որ Հայաստանի պաշտոնյաների որդիները կարող են թմրանյութ օգտագործել կամ, առհասարակ, թմրանյութի առքուվաճառքով զբաղվել` հաշվի առնելով այն իրողությունը, որ նրանք կարող են ավելի հեշտ ճողոպրել ոստիկանների «ճանկերից» եւ մնալ անպատիժ: Ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին ո՛չ առաջինն էր ու ո՛չ էլ վերջինը, որի անունը կապվում է թմրանյութերի հետ: Բայց որպես արժանապատիվ քաղաքացի եւ օրինակելի պաշտոնյա՝ տրամաբանությունը հուշում է, որ նա որդու հետ կապված խայտառակությունից հետո պետք է վերցներ գրիչն ու գրեր իր հրաժարականի դիմումը:
առնչվում են թմրաբիզնեսին
Դեռեւս 2013թ. օգոստոսի 29-ին Խանջյան փողոցում գտնվող բարի մոտից թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն էր բերման ենթարկվել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդի Արա Օսկանյանն իր ընկեր Վահագնի հետ միասին: Արա Օսկանյանի մոտ ոչինչ չէր հայտնաբերվել, փոխարենն ընկերոջ հեռախոսի գրպանից թափվել էր ինչ-որ փոշի, որի ծագումնաբանությունը պարզելու համար նշանակվել էր փորձաքննություն: Սեպտեմբերի 25-ին եզրակացության արդյունքների հիման վրա պարզ էր դարձել, որ Վարդան Օսկանյանի որդին եւ նրա ընկերը՝ Վահագն Մարկոսյանը, թմրանյութ են օգտագործել: Վերջիններս առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ օգտագործելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության: Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի հատկանիշներով (առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը) եւ տուգանվել են 200 հազար դրամի չափով:
Իսկ ահա այս տարվա հուլիսի 14-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից բերման էին ենթարկել 1982թ. ծնված Արթուր Մանուկյանին: Վերջինս ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, ինչպես նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր նշանածը: Ըստ տարածված տեղեկությունների՝ տղաներին բերման էին ենթարկել թմրանյութ պահելու կասկածանքով: ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հերյուրանք էր անվանել այն լուրերը, թե իր որդին բերման է ենթարկվել ոստիկանություն: Թերեւս զարմանալի չէր, որ պատգամավորի որդին այս պատմությունից չոր դուրս կգա, քանի որ սա միակ դեպքը չէր, որ Արթուր Մանուկյանը եւ նրա ընկերներ Վահագնը ու Երվանդը հայտնվում են սկանդալային պատմության կիզակետում: Ոչ վաղ անցյալում նրանց մեքենայի միջից նաեւ մեծաքանակ զենքեր հայտնաբերվեց:
Սեպտեմբերի 11-ին էլ պարզվեց, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ հնչած կրակոցներից հետո կալանավորված նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւս թմրամոլ է: Դեպքից հետո նշանակված փորձաքննության եզրակացությամբ ապացուցվել էր, որ նախկին մարզպետի որդու մեզից եւ մազից վերցված փորձանմուշներում հայտնաբերվել են թմրանյութեր: Սակայն այս փաստը չխանգարեց, որ մարզպետի որդին հայտնվի ազատության մեջ:
Հուսանք, որ պաշտոնյաների թմրամոլ որդիների ցանկն այլեւս չի համալրվի նորերով: