Օրերս Գյումրիում բարձրացված աղմուկի պատճառը 20 համարի երթուղայինի աշխատանքի կասեցումն էր. վարորդները նույնիսկ Գյումրի-Երեւան ավտոճանապարհն էին փակել: Բանն այն է, որ 2 օր առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ կասեցվել էր «Գյումրիին՝ ամուր հիմք» ՍՊԸ-ի՝ մրցութային երթուղիները սպասարկելու իրավունքը, իսկ ՍՊԸ-ն, «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով, պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը, նշյալ ՍՊԸ-ն ոչ մի լումա չի փոխանցել քաղաքային բյուջե եւ մրցույթում հաղթել է օրենքի զգալի խախտումներով, այնպես որ նույնիսկ մրցույթի ներկայանալու իրավունք չի ունեցել: «Խախտումների բնույթն այնպիսին է, որ անհնար է վերականգնել մրցույթի պայմանները եւ թույլատրել, որ երթուղին շահագործվի. խախտվել է կառավարության 762 որոշման 15-րդ կետի երկրորդ ենթակետը, խախտվել է 54-րդ կետը: Առաջին կետով, որը մրցույթի գլխավոր պայմանն է, ասվում է, որ մրցույթին մասնակցող ընկերությունը պահանջվող մեքենաների 50 տոկոս սեփականություն պետք է ունենա: Մյուս 50 տոկոսը կարող է վարձակալել, բայց մեքենաները 100 տոկոսով եղել են վարձակալական»,-նշեց Զ. Եգանյանը` հավելելով, որ Գյումրու քաղաքապետարանն իր պատրաստակամությունն է հայտնել աշխատանքից զրկված բոլոր վարորդներին, որոնք ունեն վարորդական «Դ» կարգի վկայական, ապահովել աշխատատեղերով:
Տեղեկացանք նաեւ, որ երթուղու սպասարկումը դադարեցնելուց հետո հայտարարվելու է նոր մրցույթ, որի անցկացման ժամկետը հայտնի կդառնա առաջիկա օրերին, կներկայացվի նաեւ անցկացման ժամանակացույցը: Ի դեպ, որպես կանոն՝ մրցույթներն իրականացվում են մրցույթը հայտարարելու օրվանից 45 օր հետո:
Ուշագրավ է, որ «Գյումրիին՝ ամուր հիմք» ընկերությունը մրցույթը շահել է Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման վերջին օրերին՝ 2012թ. հոկտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 9-ին Գյումրին արդեն ընտրված նոր քաղաքապետ ուներ՝ ի դեմս Սամվել Բալասանյանի: Այն, որ Վ. Ղուկասյանը քաղաքում զանազան սեփականություններ ունի, որոնք իր անունով չեն գրանցված, հայտնի է բոլոր գյումրեցիներին: Սեփականությունների այդ ցանկում է նաեւ նշյալ ՍՊԸ-ն, որը պաշտոնապես գրանցված է Տարոն Մանուկյան սեփականատիրոջ անունով:
Այն, որ ՍՊԸ-ն պատկանում է Ղուկասյանին, վկայում է նաեւ փաստը, որ ընկերությունը հայտնվեց Բալասանյանի ուշադրության կիզակետում ու հենց այն ժամանակ, երբ Գյումրու օրվա տոնակատարության նախօրեին Ղուկասյանն ու Բալասանյանը կոշտ երկխոսություն էին ունեցել: Հիշեցնենք, որ Բալասանյանը հստակ ու կոպիտ արգելել էր Ղուկասյանին Գյումրու օրվա տոնին ներկա գտնվել բարձրաստիճան պաշտոնյաների շարքում: Ի պատասխան` Վարդանիկը սպառնացել էր Բալասանյանի ինչ-որ մութ գործեր ջրի երես հանել: Այսպիսով էլ նոր լարվածություն էր մտել նախկին ու ներկա քաղաքապետերի միջեւ:
ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՊԱՏԺԵ՞Ց ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ