ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԼՈՒԾԱՐԵԼ
Վանաձորի արդյունաբերական երբեմնի հսկան` քիմիական գործարանը, բազում անլուծելի խնդիրների առաջ է կանգնել: Այդ թվում անլուծելի է աշխատողների աշխատավարձի խնդիրը: Բանվոր-ծառայողները 4-8 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: Որոշ աշխատողներ էլ ժամանակավորապես չեն աշխատում:
Քիմիական գործարանի աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է՝ ցույցեր են կազմակերպում` պահանջելով հարկադիր արձակուրդից վերադարձ ու չվճարված աշխատավարձերի վճարում: Աշխատողները բողոքում են, որ իրենց անընդհատ խաբում են. «Թող ասեն՝ չի աշխատում, մենք էլ չաշխատենք, թող մեր աշխատավարձերը փակեն ու լուծարեն, ասեն՝ բարի ճանապարհ ձեզ: Ասում են՝ փող կլինի, կտանք ձեր աշխատավարձերը»: Գործարանի տնօրինությունը հրաժարվում է լրատվամիջոցների հարցերին պատասխանել: Իսկ վերջին ցույցի ժամանակ տնօրենի բացակայության պատճառով անպատասխան մնացին նաեւ աշխատողների հարցերը:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քիմգործարանի խնդիրներից տեղյակ է եւ կարծում է, որ քաղաքի զարգացման հեռանկարում քիմգործարանը կարող էր մեծ տեղ զբաղեցնել, եթե աշխատեր իր ողջ հզորությամբ. «Սակայն քիմկոմբինատի հարցը պետք է վերջնական լուծվի` կա՛մ պետք է աշխատի իր հզորությամբ եւ բազում աշխատատեղեր ստեղծի քաղաքի համար, կա՛մ այն պետք է վերջնականապես փակվի, որպեսզի տուրիզմը զարգանա»: Քիմգործարանի աշխատողների խոսքով` գործարանի բանկային հաշիվները սառեցված են էլեկտրաէներգիայի եւ գազի պարտքերի պատճառով: Դեռ նախորդ ցույցի ժամանակ տնօրենը նրանց ասել էր, որ բանակցություններ են վարում խնդիրները լուծելու նպատակով: Աշխատողներին մնացել էր միայն հավատալ ու սպասել: Ու թե էլի ինչքան պիտի սպասեն, ոչ ոք չգիտի:
Լոռի
ԴԵՌ ՔՆՆՈՒՄ ԵՆ
Արդեն չորս ամիս է՝ Արարատի մարզի Դալար համայնքում տեղի ունեցած ձկների զանգվածային ոչնչացման գործը դեռ նախաքննության փուլում է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, Դալարի բնակիչները նկատել էին, որ իրենց բերքը հեկտարներով փչացել է: Նրանց խոսքով՝ պատճառն Արարատի մարզում գործող «Արեգակ» կոնյակի գործարանն է, որի կեղտաջրերով գիշերն իրենց ցանքատարածքները ջրել են, ինչի արդյունքում տեղի է ունեցել ձկների զանգվածային ոչնչացում: Փաստի առթիվ հարուցվել էր քրգործ՝ ՀՀ քր. օր.-ի 287-րդ հոդվածի 2-մասի հատկանիշներով (ջրերն աղտոտելը, որն առաջացնում է կենդանիների զանգվածային ոչնչացում): Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: