ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԿՀԵՌԱՆԱ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդան Մինասյանի՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարվելը մեզ ու նաեւ ֆուտբոլասերներին ստիպում է ենթադրություններ անել, թե ով կարող է նրան փոխարինել։ Բայց մինչ այդ նշենք՝ չի բացառվում, որ ՀՖՖ նախագահը չընդունի հրաժարականը, եւ Վարդան Մինասյանը շարունակի պաշտոնավարել։ Մեր ենթադրությունը պատահական չէ. մեկ անգամ արդեն նման բան եղել է։ Առավել եւս, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել են Վարդան Մինասյանին՝ խնդրելով վերանայել որոշումը, վերադառնալ եւ շարունակել գլխավորել ազգային հավաքականը:
Իսկ եթե Վարդան Մինասյանի որոշումը վերջնական է, ոչ ոք չի կարող նրան տարհամոզել, առավել եւս, եթե, ինչպես ինքն է ասել, այլ երկրներից առաջարկներ է ստացել։ Հավաքականի նոր գլխավոր մարզչի հարցում փորձենք հեռու չգնալ եւ թեկնածու փնտրել Հայաստանում։ «Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ դա կարող է լինել «Արարատ»-ի եւ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը (երեկ տեղեկացանք, որ նա նշանակվել է մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի փոխարեն), որը կարողացավ այս խաղաշրջանում բարձրագույն խումբ վերադարձած «Արարատ»-ին դարձնել առաջնության առաջատար։ Մինչեւ 19 տարեկանների հավաքականն էլ, ընդհանուր առմամբ, լավ տպավորություն թողեց՝ չնայած չկարողացավ խմբային փուլից անցնել էլիտ-փուլ։
Դժվար թե ժամանակին հավաքականը ղեկավարած հայ մարզիչներից որեւէ մեկին վստահվի այդ պաշտոնը։ Հիշեցնենք, որ, օրինակ, ժամանակին հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հիմա Էրեբունու թաղապետարանում բոլորովին այլ գործունեությամբ է զբաղվում։ Քիչ հավանական, գուցե անհավանական է, որ նման առաջարկ արվի, ասենք, Արկադի Անդրեասյանին՝ հաշվի առնելով վերջինիս եւ ՀՖՖ նախագահի հարաբերությունները։ Նույն պատճառով բացառվում է նաեւ Խորեն Հովհաննիսյանի թեկնածությունը։ Ռաֆայել Նազարյանը, որը գլխավորում էր մինչեւ 21 տարեկանների հավաքականը, նույնպես, մեղմ ասած, այդ պաշտոնին «չի քաշի»։ Եվ այս դեպքում, ուզենք թե չուզենք, հայացքներս պետք է ուղղենք դեպի դուրս։ Ի դեպ, հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզիչները մինչեւ 2002թ. եղել են հայ մասնագետներ, իսկ 2002-ից սկսած, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար դարձավ Ռուբեն Հայրապետյանը, հավաքականը գլխավորել են արտասահմանցի մարզիչներ՝ արգենտինացի Օսկար Լոպեսը, ռումինացի Միխայ Ստոյկիցան, հոլանդացի Հենկ Վիսմանը, շոտլանդացի Իան Պորտերֆիլդը, դանիացի Յան Պոուլսենը:
շարունակելի

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս