«ՉՈԲԱՆՆ ՈՒՐ ՔՇՈՒՄ Է, ԳՆՈՒՄ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը կայացած ՀԳՄ, այսպես կոչված, համագումարի ընթացքում «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց գրող Վահագն Մուղնեցյանին, որը մինչ այդ ամբիոնից իր դժգոհությունն էր հայտնել ՀԳՄ աշխատանքների վերաբերյալ։ Մեր զրուցակիցը մասնավորապես ասաց.
-Տասներեք տարի, դեռ մի քիչ էլ դրանից առաջ տարվել է մի գիծ, որը կարելի է անվանել համահարթեցման քաղաքականություն։ Մենք միշտ ունեցել ենք գրող անհատականություններ, եւ այդ տարիների ընթացքում ու նաեւ այսօր նրանց ոչնչացնելու քաղաքականություն է տարվում։ Ես նախագահի մրցանակով էլ եմ պարգեւատրվել, դժգոհ չեմ իմ մրցանակներից, բայց հարցը բոլորովին դա չէ, հարցն այն է, որ մեզ նույնիսկ չեն թողնում՝ խոսենք։ 500 հոգի բերել լցրել են այստեղ, բայց նույնիսկ տասը րոպե ժամանակ չունեն, որ գոնե գիրք հրատարակած գրողին ընթերցողները տեսնեն, իմանան, որ տվյալ գրքի հեղինակն այս մարդն է։ Եթե դա իրենց պետք լիներ, մինչեւ հիմա կարող էին ստեղծել նման հնարավորություն։
-Բայց ՀԳՄ ղեկավարությունն ասում է, որ նման հարցերն այսօրվա համագումարի օրակարգի մեջ չեն մտնում, օրակարգում ընդամենը նախագահի ընտրության հարցն է։
-Ո՞վ է դա որոշել, ինչո՞ւ պիտի իրենք որոշեն օրակարգը։ Բերեցին, էլի ցուցակով նստեցրին, իսկ իրենք հարթակին են՝ դիրիժորի փայտիկը ձեռքներին։ Չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում, չափը տալիս են, դահլիճն էլ հետեւում է նրանց։ Որ ասում եմ նախիր, նեղանում են, բայց էլի եմ ասում՝ մի քանի հոգուց բացի, նախիր են, բա ի՞նչ են. չոբանը ուր քշում է, գնում են։
-Դուք դժգո՞հ եք, որ դրսից էլ են քվեարկելու։
-Չի կարելի նման բան անել. նախ՝ սփյուռքահայերից ոչ մեկը մեր կանոնադրության կետերի պահանջներով չի ընդունվել միության անդամ, ցուցակով են ընդունվել, ցուցակով էլ հիմա «կքվեարկեն», եւ այս պահի դրությամբ նախագահի պաշտոնակատարն առնվազն մի վաթսուն ձայն կունենա սփյուռքից (նա ստացավ 40 քվե-Ռ. Թ.), իսկ դա արդեն անհավասարություն է, չի կարելի նման բան անել։ Ես՝ որպես գրող, ինձ համար ոչ մի անհանգստություն չունեմ, բայց ունեմ ընդհանուրի անհանգստությունը, որ արդեն իրենց արժանապատվությունը ոտնահարվում է։ Գալիս լցվում են դահլիճ, ապա շտապում են, թե երբ պետք է համագումարը պրծնի, գնան տուն, դրա համար էլ սայլը տեղից չի շարժվում։ Գրողների միության շենքը դարձել է որոշ մարդկանց պապական տնամերձը, սեփականատիրական իրավունքներ են իրենց վերապահում… Ոչինչ չի փոխվելու բացարձակապես, ընդհակառակը, շատ խիստ նահանջ ենք ապրելու։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս