ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 04:56-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: «Մերսեդես» մակնիշի 27 ՕՏ 077 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով տեղում զոհված վարորդը Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանն է, որը վթարից ընդամենը մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, նշեց իր 30-ամյակը: Դերասանի հետ նույն մեքենայում է եղել նաեւ ՌԴ քաղաքացի 34-ամյա Մարիամ Սարգսյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
2004թ.-ից Ե. Ենգիբարյանն աշխատել է Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: Խաղացել է «Խելքից պատուհաս», «Ռեւիզորը», «Շահանե, դու իմ…», «Մորգանի խնամի» եւ այլ ներկայացումներում, կատարել է բեմադրություններ: Նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Մի՛շտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Հրեշտակների դպրոցը» սերիալներում, «Խաչագողի հիշատակարանը», «Երեք ընկեր», «Քայլ ձիով» ֆիլմերում: Դերասանն արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ որպես «Լավագույն տղամարդ դերակատար»:

ԱՄՈՒՍՆԱՑԱՆ
Օրեր առաջ Սուրբ Սարգիս եկեղեցում ամուսնացավ հաղորդավարուհի Աննա Գեւորգյանը: Աննայի ընտրյալը ռեժիսոր Վլադ Աբովյանն է: Զույգը ծանոթացել է դեռ 2005թ. հաղորդավար Տիգրան Հարությունյանի տանը, որտեղ հրավիրված են եղել «մաֆիա» խաղալու: Այդ օրվանից հետո նրանք այլեւս չեն շփվել, իսկ ահա այս տարվա սկզբին Տիգրանը կրկին առաջարկել է Աննային իրենց հետ գնալ ամառանոց՝ «մաֆիա» խաղալու: Հետո պարզվել է, որ դա հենց Վլադի ամառանոցն է, հավաքույթն էլ հատուկ կազմակերպված է եղել կրկին Աննային տեսնելու եւ շփվելու նպատակով:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Բարեկամներն ու ընկերները սրտանց շնորհավորում են «Ինտելեկտ» գիտակրթական կենտրոնի նախագահ, գիտությունների թեկնածու, վաստակաշատ մանկավարժ Նաիրա Լեւի Հայրապետյանին ծննդյան տարեդարձի առթիվ:
Մաղթում ենք առողջություն, երջանկություն, նոր հաջողություններ ու մեծ բարիքներ:




Լրահոս