ՔԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2014թ. պետական բյուջեի նախագծով կրկին նախատեսված է բիզնես դաշտի վրա դնել հսկայական` 110 միլիարդ դրամի լրացուցիչ հարկեր ու տուրքեր: Բնականաբար, դա չի կարող չհարուցել գործարարների մտահոգությունը, որոնք արդեն երրորդ տարին է՝ ստիպված են լցնել բյուջեի «ծակուծուկերը»: Հիշեցնենք, որ անցած տարի եւս կառավարությունը հավաքագրեց լրացուցիչ 101 միլիարդ դրամ: Իսկ թե ինչպես դա անդրադարձավ Հայաստանի բիզնես միջավայրի վրա, կարծում ենք՝ տեսանելի է բոլորին: Լրացուցիչ հավաքագրումներից չեն դժգոհում միայն այն օլիգարխները, որոնք առանց այդ էլ գտնվում են գերարտոնյալ վիճակում, իսկ մնացածները` անգամ խոշոր բիզնեսմենները, անցած տարիներին գնալով ավելի ու ավելի են սեղմում գոտիները, ինչը վերջնարդյունքում ուղղակիորեն ազդում է շարքային հայաստանցու բարեկեցության վրա: Մասնավորապես` ձվերի արտադրության ոլորտում գրանցված հետընթացը, ինչին «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր նախօրեին,  կառավարության վարած ապաշնորհ քաղաքականության  խոսուն օրինակներից է: Բիզնեսի այս ճյուղն ընդամենը երեք տարի առաջ բարգավաճում էր` Հայաստանը ոչ միայն ձվարտադրության առումով ինքնաբավ էր, այլեւ անգամ արտահանում էր, մինչդեռ ներկայումս ձու արտադրող ընկերությունները զբաղվում են ձվի ներկրմամբ, քանի որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին կազմակերպել արտադրական խնդիրները: Նույն պատկերն է նաեւ մինչ այդ շահութաբեր համարվող բիզնեսի մնացած ճյուղերում: Եվ խնդիրն այստեղ ոչ այնքան լրացուցիչ հավաքագրվող գումարի չափն է, որքան այն, թե ինչպես եւ որ տնտեսվարողներից են այդ գումարները հավաքագրվում: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի հարկային մարմինները «տեռորի» են ենթարկում տանիք չունեցող բիզնեսմեններին՝ հաճախ այդպիսով պարզապես սնանկացման հասցնելով նրանց: Իսկ կառավարությունն էլ, փոխանակ մտածի ընդհանուր բիզնես միջավայրի բարելավման կամ գոնե պահպանման մասին, աչք է փակում այդ ամենի վրա` մտահոգված լինելով միայն բյուջեի կատարողականների ապահովմամբ: Վիճակն այնքան անմխիթար է, որ այդ մասին արդեն իսկ բարձրաձայնում են իշխանությունների մերձավոր բիզնեսմենները: ՀՀԿ խորհրդի վերջին արտահերթ նիստում հնչած քննադատությունների մասին արդեն գրվել է: Երեկ էլ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն է «Ազատությանը» տված հարցազրույցում քննադատել կառավարությանը` նշելով, որ կառավարությունը պետք է հստակ առաջադրանք դնի ՊԵԿ-ի առջեւ, թե որ ոլորտից որքան գումար պետք է հավաքագրվի. «Հակառակ պարագայում, պլանի կատարման պարտավորությամբ, ՊԵԿ-ը կանի այն, ինչ որ անում է` կքամի մինչեւ վերջին կաթիլը հնարավոր այն ձեռնարկություններից, այն ճյուղերից, որոնք շահույթ ունեն եւ ի վիճակի են վճարել»:




Լրահոս