ՊՊԾ գնդի գրավումից անցել է ավելի քան մեկ շաբաթ: Իրադարձություններն արագ են զարգանում, մինչդեռ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը դեռևս չի նշմարվում:
Թվում էր` «խաղաղության աղավնու» դեր ստանձնած Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին կհաջողվի կողմերի միջև համաձայնության գալուն արագ նպաստել, ավաղ…
Ինչո՞ւ Վիտալի Բալասանյանը զրկվեց միջնորդի առաքելությունից:
Բալասանյանին առաքելությունից զրկելու որոշումը խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը մեկնաբանում է այսպես` Բալասանյանի կողմից պայմանավորվածությունները չեն կատարվել: Ըստ Ավետիսյանի` նախապես որոշված է եղել, որ լրագրողները պետք է հնարավորություն ունենային ՊՊԾ գնդի տարածք մտնելուն պես նկարահանումներ իրականացնել, ուղիղ միացմամբ հաղորդել ներսում կատարվող ցանկացած շարժ, սակայն պայմանավորվածությունը խախտվել է: Վարուժան Ավետիսյանը նշում է նաև, որ Վիտալի Բալասանյանն իրեն ոստիկանի պես է պահել. ասել է, թե իշխանությունների շահերից բխող հայտարարություններ է արել, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն:
Օրինակ, Բալասանյանը լրագրողներին հայտարարել է, որ Ժիրայր Սէֆիլյանը և խմբի մի քանի այլ անդամներ հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից. «Սէֆիլյանը շատ դրական է արձագանքել, պատրաստ է, ճիշտն ասած, բայց Սէֆիլյանը մի քանի հարցեր է առաջ քաշել, և այդ հարցերին պատկան մարմինները կպատասխանեն: … Կարող եմ պաշտոնական ասել, որ քիչ առաջ էլ` կես ժամ առաջ, Ժիրայր Սէֆիլյանն ասաց` ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից»:
Մինչդեռ, «Սասնա ծռեր»-ականները և «Հիմնադիր խորհրդարանի» որոշ ներկայացուցիչներ վստահեցնում են, որ Սէֆիլյանը միանշանակ նման որոշում չի կայացրել:
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում` ինչպե՞ս կարող է նման բարձր հեղինակություն վայելող մարդը, ինչպիսին է Վիտալի Բալասանյանը, ով, ի դեպ, որպես միջնորդ` միաձայն ընդունվել է և´ զինված խմբի, և´ իշխանությունների կողմից, կարող էր նման վճռական և պատասխանատու հայտարարությունն առանց էական ապացույցներ ունենալու անել: Արդյոք իրականում Բալասանյանի քննադատական խոսքե՞րը չեն զայրացրել խմբի որոշ անդամների` կապված զենքով հարց լուծելու հետ… ի՞նչ իմանաս…
Վարուժան Ավետիսյանը որոշման շուրջ մեկնաբանության մեջ ասում է նաև, թե Վիտալի Բալասանյանը զրոյի է հավասարեցրել իրենց աշխատանքը, ապստամբական ոգին: Թերևս, այս գնահատականը կապված է Բալասանյանի այն հայտարարության հետ, որում ասում էր. «Չի լինի` հենց ասեն էստեղ զենքը մեկը վայր դրեց, գնալու է Ադլեր կամ Սոչիում հանգստանա: Իրենք բոլորն էլ գիտեն. հարցրեք, տեսեք: Ես բարձրաձայն հայտարարել եմ` այդպիսի հասկացողություն չկա: Նրանք, ովքեր ինչ-որ քրեական հանցագործություն են կատարել, պատասխանատու են: Բայց հանրապետության նախագահը խոստացել է, որ որևէ հետապնդում, խոշտանգում չի լինի. օրենքի տառը պահելու են»:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամները հայտարարել են, որ իրենք իրենց հանցագործ չեն համարում, և գուցե Վիտալի Բալասանյանի` վերը հիշատակված խոսքե՞րն են նրանց զայրույթի պատճառը դարձել. խմբի անդամները չեն մանրամասնում:
Հարկ ենք համարում անդրադառնալ նաև գնդի տարածքում որոշ լրագրողների և Բալասանյանի միջև ծագած միջադեպին: Նախ հիշեցնենք, որ լրագրողների` պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հայտնվելու փոխարեն «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պետք է ազատ արձակեին 4 պատանդ ոստիկաններին, ինչը և կատարվեց:
Բանն այն է, որ կարծիքներ կան, թե Վիտալի Բալասանյանի մասով կայացված որոշումն անմիջապես կապված է լրագրողների և նրա միջև տեղի ունեցած բանավեճի հետ: Այսպես, ասուլիսի ընթացքում Վ. Բալասանյանը լրագրողներին հորդորեց-խնդրեց` անվտանգության նկատառումներից ելնելով` լրատվամիջոցների համար նախատեսված տարածքից այն կողմ չգնալ. «Որպեսզի ձեր անվտանգության հարցը լուծվի, ձեզ բոլորիդ խնդրում եմ, հորդորում եմ` այս գծից ձախ որևէ մեկը չգնա, որովհետև ես անձամբ պատասխանատու եմ դրա համար: Այս տեղանքը համաձայնեցնելով իրավապահ մարմինների հետ և´ իշխանության առաջին դեմքի հետ, և´ տղաների հետ` տարածքը ընտրել եմ ես, և որևէ մեկն իրավունք չունի այս տարածքից դուրս գալու»,- հատուկ շեշտեց Վիտալի Բալասանյանը:
Սակայն Արցախի հերոսի խնդրանքը որոշ լրագրողներ, կարծես, նախընտրեցին չկատարել. Վիտալի Բալասանյանը մի քանի անգամ անընդմեջ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ արեց դուրս գալ տարածքից, սակայն նրանք չհետևեցին կոչերին, ինչն առաջացրեց նրա զայրույթը, և հաջորդ զգուշացումներն արդեն բարձր տոնայնությամբ եղան: Բալասանյանը հայտարարեց, որ լրագրողները խախտում են պայմանը: Ի դեպ, միջադեպին անդրադարձել է նաև Վարուժան Ավետիսյանը` ասելով, թե Բալասանյանն իրեն ոստիկանի պես է պահել լրագրողների նկատմամբ:
Դատեք ինքներդ…
Մնում է սպասել Ժիրայր Սէֆիլյանի պաշտոնական հայտարարությանը և թե ով կլնի նոր միջնորդը, ինչից հետո բազմաթիվ հարցեր կստանան իրենց պատասխանները: Միևնույն ժամանակ, հանուն արդարության, պետք է հիշեցնել, որ Վիտալի Բալասանյանի գործուն ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր եղավ արդյունավետ բանակցություններ տանել: Դրանց արդյունքում հաջողվեց լուծել սննդի փոխանցման հարցը, պատանդների ազատ արձակումը և, վերջապես, լրագրողների հետ հանդիպման կազմակերպումը…
Երեկվա ասուլիսից հետո լայն քննարկվում էր նաև խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հաշմանդամ հոր` Մերուժան Սողոմոնյանի` գնդի տարածքում հայտնվելու դրվագը: Հարցը, թե ինչպես նա հասավ գունդ առանց «լրագրողական անցաթղթի», դնենք մի կողմ, առավել կարևոր է, թե ի՞նչ նպատակ ուներ այդ շոուն. «Դու ի՞նչ ես հասկանում պալիտիկայից, դու ի՞նչ փրկիչ: Արի´ տուն գնանք, հորդ մենակ ես թողել, ինչի՞ ես էկել ստեղ: Ո՞ր մի ընկերդ էսքան ժամանակ դուռս բացեց, որ էկել ես իրանց փրկության համար ստեղ… ինձ միլիցեքը բան չեն ասել, ես եմ էկել…»,- հոր աղերսներին ի պատասխան` որդին նախընտրեց մնալ ՊՊԾ գնդում, թեև նրա զենքն արդեն իսկ վերցրել էին ձեռքից:
Միանշանակ, ոչ ոք իրավունք չունի դատելու Էդգարի պահվածքի և որոշման ճիշտ կամ սխալ լինելը. հարցն այլ է` ինչո՞ւ սոցիալական, ընտանեկան խնդիրն այս հարթություն բերվեց և դարձավ հանրային քննարկման թեմա, ո՞ր բարոյական իրավունքով…
Իսկ ի՞նչ է կատարվում այս օրերին ՊՊԾ տարածքից դուրս` Խորենացու փողոցում և դրա հարակից շրջանում. ՀԽ անդամների և որոշ ակտիվիստների ձերբակալություններ` զինված հարձակմանն աջակցելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:
Հետաքրքիր են նաև այս ամենի ֆոնի վրա քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները: Սերժ Սարգսյանի «երկար սպասված» խոսքից հետո հանրությունն արժանացավ ոչ միայն այլ հանրապետականների մեկնաբանությունները լսելու «մեծագույն պատվին», այլև մի քանի այլ քաղաքական գործիչների, որոնք հանրապետականների հետ ձեն ձենի տված` մինչ այդ ընդհատակ էին անցել:
Այսպիսով, հերթական անգամ պարզ դարձավ` որքանով են իրենց ընդդիմադիր հռչակած որոշ կուսակցություններ անկախ, և որոնք են երգում Սերժ Սարգսյանի դուդուկի տակ:
Այս օրերին Խորենացու փողոցում խաղաղարի դեր ստանձնած Նիկոլ Փաշինյանին զինված խմբի անդամները սկսեցին մեղադրել անձնական և կուսակցական PR-ով զբաղվելու մեջ: Երեկվա հանրահավաքի ժամանակ պատգամավորը հայտարարեց. «Ես բազմաթիվ նամակներ եմ ստացել, ստորագրություններ, մարդիկ խնդրել են, որ գամ ու դերակատարում ստանձնեմ: Սերժ Սարգսյանին հեռացանելու միակ պայմանը ժողովրդի կամարտահայտությունն է, ու դրա համար պետք է հարթակ ապահովենք, և այստեղ այլ խոսակցություններ չեն կարող լինել»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը:
Փաշինյանն ասաց, որ այսօրվանից իր՝ այս հարթակում գտնվելն անիմաստ է դառնում, որովհետև ինքը չի կարող գալ ու ասել՝ ոչինչ, թող մի 100 մարդ էլ ավել զոհվի:
Իրադարձությունների այսպիսի զարգացումներից հետո դժվար է ասել` որն է լինելու հանգուցալուծումը…
Սպասենք` տեսնենք…
Տաթև Հարությունյան