ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՌԻՎ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքի մոտ լուրջ վիճաբանություն է եղել: Ականատեսները նկատել են ոստիկանության աշխատակիցների մի մեծ խմբի, իսկ ավելի ուշ դատարանի մուտքի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիների միջեւ սկսվել է լուրջ վիճաբանություն, որն ուղղորդվել է միմյանց հասցեին հնչող հայհոյանքներով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մեծ աղմուկի եւ ծեծկռտուքի պատճառը եղել է օգոստոսի 5-ին Գյումրի քաղաքի «Ռուբին» ոսկերչական սրահից գողության փորձ կատարած, ոստիկանության Գյումրու Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանի եւ նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյան գործով դատավարությունը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ: «Միգուցե դատարանից դուրս նման բան եղել է, բայց դատարանի ներսում ոչ մի բան չի եղել»,-ասաց նա` հաստատելով, որ երեկ դատարանում տեղի է ունեցել ոստիկանների գողության գործով առաջին դատական նիստը: Դատարանի նախագահը հուշեց, որ երեկ նույն դատարանում եւս մեկ կարեւոր գործ է քննվել. «Միգուցե երեկ մարդիկ դատարանի մոտ շատ են եղել, քանի որ Վարդան Ղուկասյանի եղբոր որդու սանկցիայի հարցն էլ էր որոշվում, եւ դատարանը որոշեց այն երկու ամսով եւս երկարաձգել»:

ՉԱՂ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
Երեւանի Հանրապետության փողոցում (թիվ 85) գտնվող ՀՀ գլխավոր դատախազության կաթսայատունն ու ենթակայանը կվաճառվեն «Բիզնես պլաս» ընկերությանը: ՀՀ կառավարությունը երեկ որոշել է 104 քմ անշարժ գույքը եւ 71 մեքենա-սարքավորումներ վաճառել 124 մլն դրամով (մոտ 300 հազ. դոլար): Մեքենաների արժեքը գնահատված է մոտ 860 հազ. դրամ: Գնորդը պարտավորվում է վճարել նաեւ հողի կադաստրային արժեքը՝ 1 քառ. մետրը 60 հազ. դրամ: NEWS.am-ի տեղեկություններով՝ «Բիզնես պլաս»-ը կառուցապատման աշխատանքներ է իրականացնում Հանրապետության եւ Տպագրիչների փողոցներում, սակայն հարուցել է տեղի բնակիչների դժգոհությունը: Նրանց տեղեկացմամբ՝ ընկերության անունից հանդես է գալիս հայտնի քրեական հեղինակություն Չաղ Կարոն: Իսկ ըստ պետռեգիստրի՝ այս ընկերության հիմնադիրներն են Արմեն Հակոբջանյանը, Աննա Ավանյանը, Արթուր Պավլովը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «հայտնի քրեական հեղինակություն» որակված Չաղ Կարոն ժամանակին զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը:




Լրահոս