ԻՐԱՐ ԴԵՄ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին ՀՀԿ-ի ներսում ակտիվ քննարկվում է մի կարեւորագույն հարց. ինչո՞ւ են վերջին շրջանում մամուլին այնպիսի տեղեկություններ հասանելի դառնում, որ պետք է «փակ լինեն»: Այս հարցը հետաքրքրել է հատկապես այն ֆոնին, որ շատ ՀՀԿ-ականներ անձնական օգտագործման կայքեր ունեն, եւ յուրաքանչյուրն իր կայքում տեղադրում է մրցակցին «վերացնող» նյութեր:
Ի՞նչ խմորումներ են տեղի ունենում ՀՀԿ-ում: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկության իսկությունը պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից, որն ասաց. «Դա, իհարկե, մամուլի համար հետաքրքիր է, բայց մեր կողմից մերժելի: ՀՀԿ-ն քաղաքական առաջին իշխող ուժն է, բնականաբար, պետք է ավելի շատ թիրախային լինի: Մենք որեւէ փակ ինֆորմացիա չունենք, որպեսզի պարզենք, թե որտեղից է դա դուրս գալիս»:
ՑՈՒՐՏ ԷՐ
ԱԺ պատգամավորներն ու լրագրողները երեկ մրսում էին ԱԺ միջանցքներում: Շենքի ջեռուցման համակարգն անջատված էր: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանից հետաքրքրվել, թե ինչու ԱԺ-ն չի ջեռուցվում: «Մի քանի սենյակներից ինձ ասել են, որ ցուրտ է, եւ մենք տաքացուցիչներ ենք տրամադրել: Եվ եթե նույն ձեւ ցուրտը շարունակվի, մենք ավելի շուտ կսկսենք ջեռուցել միջանցքները, թեեւ այն նոյեմբերի 15-ից պետք է սկսեինք»,-ասաց Գուրգեն Դումանյանը: Նրա խոսքով՝ լրագրողները միշտ միջանցքներում են լինում, բայց ցանկալի կլինի՝ իրենց սենյակներում լինեն. «Այնտեղ ավելի տաք է»: Դե իհարկե, սենյակային առնետի հոգեբանությունն ԱԺ-ում ավելի ընկալելի է, քան միջանցքում աշխատող լրագրողներին հասկանալն ու նրանց համար մարդկային պայմաններ ապահովելը:
ԱՆՀԱՆԳԻՍՏ ՍԱՀՄԱՆ
Տավուշի մարզի Բերդ տանող հանրապետական նշանակության ճանապարհը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, գնդակոծվել է ադրբեջանական զինուժի կողմից: ՊՆ-ն տեղեկացրեց, որ Իջեւան-Բերդ ավտոճանապարհը փակել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Երթեւեկությունը կատարվում էր Տավուշի մարզկենտրոնից Բերդ տանող շրջանցիկ Գանձաքար գյուղով:
Կեսօրին լարված էր նաեւ Պառավաքար գյուղի մերձակայքը: Ադրբեջանցիները կրակ էին բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա, որից տուժել էին ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք:
Պառավաքարի համայնքապետ Ռոլանդ Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ երեկ՝ միայն օրվա կեսին, հակառակորդի կողմից չորս անգամ կրակ է արձակել. «Բայց մարդիկ խուճապահար չեն, հանգիստ են: Առաջին անգա՞մ է: Միշտ էլ այդ կրակոցները եղել են: Բայց ճանապարհը դեռ մնում է փակ: Ի՞նչ անենք: Սովոր ենք»: