ՁՈՒ ՉԻ ՆԵՐԿՐԵԼՈՒ
«Ժողովուրդ»-ի երեկվա «Ձու արտադրող ընկերությունները պարտքեր ունեն» հրապարակման մեջ գրել էինք, որ մեր հանրապետությունում սննդային ձու ներկրելու թույլտվության համար դիմել եւ իրավունք են ստացել 9 ընկերություններ: Հոդվածում ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը հայտարարել էր, որ ձու ներկրելու թույլտվություն ստացած ընկերություններն են Լուսակերտի, Երեւանի, «Արաքս» եւ «Արզնի» թռչնաֆաբրիկաները: Սակայն երեկ «Ժողովուրդ»-ն «Արզնի» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գեղամ Ջանվելյանից տեղեկացավ, որ «Արզնի»-ն չի պատրաստվում ձու ներկրել: Ավելին, ընկերությունը նույնիսկ չի էլ դիմել համապատասխան կառույցին՝ ձու ներկրելու թույլտվություն ստանալու համար: «Մենք չենք ներկրել ու երբեք էլ չենք ներկրելու: Դրանից հեռու ենք: Մարատ Ջանվելյանն իր ողջ կյանքում պայքարել է ներկրվող ձվի դեմ: Մենք չենք կարող մեզ թույլ տալ էդ մի երկու կոպեկի համար ձու ներկրել: Հակառակը, ձու ներկրելու փոխարեն մենք ածան հավ ենք ներկրում, որ տեղական արտադրությունը զարգացնենք»,-փոխանցեց ընկերության գլխավոր տնօրենը:
ԲՈՒՀԸ՝ ՀՅՈՒՐԱՆՈՑ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ 2014թ. հունվարին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը միանալու է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղին: «Ժողովուրդ»-ին դիմած ուսանողների պնդմամբ՝ Արցած պուրակի հարեւանությամբ գտնվող Մանկավարժականի շենքը հյուրանոց է դառնալու: Իսկ նոր համալիրը, այսինքն՝ Մանկավարժականը, կգործի Ճարտարագիտական համալսարանի շենքում, որն էլ գտնվում է Վանաձորի Բազում թաղամասում: Ըստ ուսանողների՝ շենքը զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից, իսկ ձմռանը ցուրտ է լինում: Նույնիսկ ուսանողներ կան, որոնք Բազում թաղամասում գտնվող համալսարան հասնելու համար ստիպված են լինելու երկու տրանսպորտ փոխել: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության ծառայության պետ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ բուհերի խոշորացման ծրագիրը դեռ քննարկումների մեջ է: ««Կրթության մասին օրենքով»՝ կրթական հաստատության համար նախատեսված շենքը չի կարող, բացի կրթական ծառայությունից, այլ նպատակների համար օգտագործվել»,-լրացրեց նա: