ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄԻ ՏԵՍԱՐԱՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք մտել են ամուսիններ Հրաչիկ եւ Սիրան Հովhանյանների տուն, գողացել ոսկյա զարդերն ու դաժանաբար ծեծել նրանց: Ըստ հարազատների՝ ծեծի ենթարկողների մեջ նաեւ մի աղջիկ է եղել:
Մինչ դեպքի նկարագրության մանրամասներին անդրադառնալը նշենք, որ վերջին շրջանում բնակարանային գողության այսօրինակ դեպքեր հաճախ են լինում. ավազակները ոչ միայն թալանում են տանտերերին, այլեւ դաժան ծեծի ենթարկում ու վախեցնում: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 10-ին ծեծի ենթարկվեցին Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18/1 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի տնօրեն 46-ամյա Ռոբերտ Մնացականյանը, 68-ամյա Շուշանիկ Հովհաննիսյանը եւ նրանց հարսներ Էմման ու Արմինեն: Ծեծի ենթարկողները եղել էին 5-ը, որոնք, հափշտակելով գումարը, մի բան էլ սպառնացել էին, թե հետ կվերադառնան: Դաժան ծեծի ենթարկվեցին նաեւ Արմավիրի մարզի Էջմիածնի Զվարթնոց թաղամասի Օստրովսկու փողոցի 12 տան բնակիչ ամուսիններ 56-ամյա Մռազ Քոչարյանը եւ 55-ամյա Սեյրան Ջալիլյանը. նրանցից գողացան 2.5 մլն դրամի ոսկյա զարդեր եւ այլ իրեր:
Եվ այսպես, ի՞նչ էր կատարվել նշված օրը Վարդենիս քաղաքի Խրիմյան փողոցի 12 հասցեի սեփական տանը: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ պառկած են տուժած ամուսիններ Հրաչիկ եւ Սիրան Հովhանյանները: Նրանց վիճակն այն աստիճանի վատ է եղել, որ երկու օր գտնվել են վերակենդանացման բաժանմունքում, իսկ ավելի ուշ տեղափոխվել նյարդավիրաբուժական բաժանմունք:
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ծեծի ենթարկված Հրաչ Հովհանյանի եղբոր որդին` Գուրգենը, իր հորեղբայրն ու նրա կինը այն աստիճանի ծեծված վիճակում են, որ չեն կարողանում որեւէ բան պատմել:
Թեեւ ամուսինները դեռ ոչինչ չեն կարողանում պատմել, սակայն Վարդենիսում պտտվող խոսակցությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 22:00-ի սահմաններում: Ամուսիններն այդ ժամին տանն են եղել: Երբ Հրաչ պապը դուրս է եկել խոհանոցից եւ ուշացել, Սիրան տատը մի փոքր անհանգստացել է, իսկ ավելի ուշ տան ավտոտնակից հարվածների ձայներ են լսվել: Ու երբ Սիրան տատը բղավել է, նրան էլ են դաժան ծեծի ենթարկել: Ավելի ուշ նրանց կպչուն ժապավենով կապել են ու դուրս նետել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրաչ Հովհանյանի եղբոր որդին՝ Գուրգենը, ասաց, որ ինքը հիմքեր ունի կասկածելու, որ իր հորեղբորն ու նրա կնոջը մի լավ վախեցրել են. «Հորեղբայրս ու իր կինը մենակ են ապրում: Մեկ տղա ունեն, որը Ռուսաստանում է, իսկ ինքն ու իր կինը հասարակ մարդիկ են: Ոչ մի թշնամի չունենք: Իմ եղբայրների տունը շատ մոտիկ է հորեղբորս տանը, բայց ոչ ոք ձայն չի լսել, մենք հաջորդ օրը՝ առավոտյան ենք իմացել, թե ինչ է կատարվել: Երբ հորեղբայրս մի քիչ ուշքի եկավ, ասաց, որ երկու տղամարդ էին ու մի աղջիկ: Էլ բան չեն ասում, քանի որ դեռ նոր են ուշքի գալիս»:
Գուրգենի խոսքով՝ տունն ամբողջությամբ արյունոտված է եղել ու ամեն ինչ տակնուվրա արված. «Դեպքի օրը հորեղբորս տանը եղել է իրենց հարեւան Աշոտը, որը ծեր մարդ է, ու երբ նա գնացել է, դրանից հետո էդ տականքները մտել են տուն: Սիրանի մազերի մեջ կպչուն ժապավեն կար, ու դա մեզ ենթադրել է տալիս, որ նրանց բերանները փակել են ու կապկպել: Հորեղբայրս արհեստավոր է, եւ նրա տուն գործով գնացած մարդիկ են առավոտյան տեսել կատարվածը»:
Փորձեցինք զրուցել ծեծի ենթարկված Սիրան տատի հետ, որը տարօրինակ էր իրեն պահում: Անընդհատ կրկնում էր, թե ոչինչ չի հիշում: Մի փոքր ուշ լացակումած հարցրեց, թե որտեղ է իր ամուսինը. «Ես ոչ մեկի բան չեմ տվել, չգիտեմ՝ Հրաչը տվել է, թե չէ: Եթե ես դրան տեսնեմ, կճանաչեմ»: Ըստ Սիրան տատի՝ մի քանի տարի առաջ իր եւ իր ամուսնու դեմ էլի նման հարձակում եղել է, բայց անարդյունք. «Մի հոգի էր, դեմքը փակած էր, խփեցի դեմքին, ինձ բան չէր ասում ու տենց փախավ, իսկ Հրաչը թվանքն առավ ու ընկավ հետեւից»:
Եթե Սիրան տատն ինչ-որ չափով կարողացավ խոսել, ապա Հրաչ պապի վիճակն ավելի ծանր էր: Վերջինիս ոտքին դանակի մի քանի հարված կար, ու ըստ հարազատների՝ նույնիսկ նրան խեղդելու փորձ է արվել: «Տարել են վզի շղթան: Ընդհանուր մի 50 գրամ ոսկի են տարել (նաեւ տատի ականջօղը, մատանին): Մենք մեր Գեղարքունիքի ոստիկանապետ Վարդան Նադարյանից եւ մեր Վարդենիսի ոստիկանությունից շատ շնորհակալ ենք, նրանք ամեն ինչ անում են, որ այս դեպքը բացահայտվի: Հուսանք՝ լավ կլինի»,-ասաց Գուրգենը:
Նշենք, որ երեկ՝ ողջ օրվա ընթացքում, Սիրան տատն իր ատամի պրոթեզներն էր պահանջում: Գուրգենն ասաց, որ ամուսիններից մեկի ոսկե պրոթեզները տարել են, իսկ որը ոսկե չէր, գետնին ընկած են տեսել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս