Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը նոր պաշտոն ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը նոր պաշտոն ունի: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նախկին ոստիկանապետն այսուհետ կաշխատի Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Այս տեղեկությունը փորձեցինք պարզել Ներսես Նազարյանից, ով կարճ պատասխանեց. «Այո´, նշանակվել եմ: Մնացածի մասին կխոսեմ, երբ անցնեմ գործի»:

Թե ստույգ ինչ պաշտոնի մասին է խոսքը, մեր զրուցակցից պարզել չհաջողվեց, սակայն շրջանառվող տեղեկությունների համաձայն` նախկին ոստիկանապետը կզբաղեցնի Երևանի փրկարարական վարչության պետ: Հիշեցնենք, որ այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Մուշեղ Ղազարյանը, ով օրերս նշանակվեց Փրկարար ծառայության տնօրեն։

Ինչպես հայտնի է, Ներսես Նազարյանը Երևանի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց 2013թ ապրիլին: Այն ժամանակ տարբեր վարկածներ շրջանառվեցին, թե պաշտոնանկությունը կապված է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքների ժամանակ ոստիկանների կիրառած բռնությունների հետ: Ապա նախկին ոստիկանապետի անունը շրջանառվեց «ֆինանսական բուրգի» գործում:

Վերջին շրջանում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Նազարյանների ընտանիքի գործերը կտրուկ վատացան, ունեցվածքը սկսեցին աճուրդով վաճառել պարտատերերին վճարելու համար:

Տաթև Հարությունյան




Լրահոս