Իրանի հյուսիս արևմուտքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից (ԻՀՊԿ – Իրանի ԶՈՒ ընտիր բաղադրիչ) իրականացվող հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացվել են 23 զինյալներ։ Այս մասին PressTV հետուստալիքին հայտնել է ԻՀՊԿ-ի հրամանատարության ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մաջիդ Արջմանդֆարը։ Նրա խոսքով՝ մինչ վերջերս տարածաշրջանում գործում էին հինգ անօրինական զինված խմբավորումներ, որոնցից երկուսն ամբողջությամբ ոչնչացվել են Իրանի Քրդստան և Արևմտյան Ատրպատական նահանգներում։
Բացահայտվել են զինյալների հենակետերը Իրաքին և Թուրքիային սահմանակից շրջաններում։ Ողջ մնացած ահաբեկիչների հետապնդումը շարունակվում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նա ԱՄՆին և Սաուդյան Արաբիային մեղադրել է այն խմբավորումներին աջակցության մեջ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակն Իրանում։ «Այդ երկու երկրների հատուկ ծառայությունները ապահովում են հանդերձանքով և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում (Իրանում գործող) քրդական անջատողական «Փեժակ» խմբավորմանը, որը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մասնաճյուղն է», նշել է ԻՀՊԿի հրամանատարության ներկայացուցիչը։ ԻՀՊԿի հակաահաբեկչական գործողությունն Իրանի հյուսիսարևմուտքում շարունակվում է արդեն երկու ամիս։
Դրա նպատակն է «Փեժակ» խմբավորման դիվերսիոն ջոկատների վերացումը։ Կազմակերպությունը ՔԱԿի մասնակցությամբ ստեղծվել է 2003 թվականին՝ Իրանի տարածքում քայքայիչ գործունեություն ծավալելու համար։ Գործում է հիմնականում Իրաքին սահմանակից իրանական Քրդստան նահանգում։