
РИА Новости-ի փոխանցմամբ` Մեքսիկայի Չյապաս նահանգում սպանել են հնդկական Սան Խուան Չամուլա քաղաքի քաղաքապետին: Նահանգի կառավարության գլխավոր քարտուղար Խուան Գոմես Արանդան հայտարարել է, որ ընդհարման ժամանակ 5 մարդ է զոհվել:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 23-ի առավոտյան: Հետաքննության տվյալներով՝ քաղաքապետ Դոմինգո Լոպես Գոնսալեսը զայրացած ամբոխի առաջ հրաժարվել է միջոցներ առանձնացնել հասարակական աշխատանքների և արհեստավորների աջակցության համար: Այդ ժամանակ ինչ-որ մեկը կրակել է քաղաքապետի ուղղությամբ: Այնուհետև քաղաքապետի դին քարշ են տվել հրապարակ:
Շուտով հայտնի է դառնում, որ քաղաքապետից բացի կրակոցներից զոհվել են քաղաքապետարանի երկու պաշտոնյա, ադմինիստրացիայի վարորդը և մեկ բնակիչ: Եվս 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են հրացանի պարկուճներ: Նահանգապետը հրամայել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պատժել ողբերգության մեղավորներին: Հարձակումից հետո քաղաքում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: