ՄՆԱՑԵԼ ԷՐ ԲԱԶՄԱԿՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի կանխատեսումներով` 2050թ. Հայաստանի բնակչությունը կկազմի 2,3-2,5 մլն մարդ, այն դեպքում, երբ Ադրբեջանի բնակչությունն այսօրվա 9 մլն-ից կդառնա 18 մլն: Հայաստանը կանգնած է ժողովրդագրական լուրջ հիմնախնդիրների առաջ ծնելիության կրճատման եւ արտագաղթի բարձր ցուցանիշների պատճառով: Դեմոգրաֆիական խնդիրը լուծելու համար սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն առաջարկում է լուծել անպտղության հարցը, իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն առաջարկում է կիրառել բազմակնության մեթոդը:
Ծնելիության աճի համար, ըստ Շահրամանյանի, միայն սոցիալական խնդիրների լուծումը բավարար չէ, քանի որ երկրում առկա է անպտղության բարձր ցուցանիշ եւ տղամարդկանց պակաս: «Անպտուղ զույգերի դիմելիությունը 18 տոկոս է կազմում: Բավականին ուշ են դիմում բժշկական օգնության, ու քանի որ առողջական նման խնդիրների լուծումն ահագին թանկարժեք է, որպես բժիշկ՝ առաջնահերթ կողմ եմ կանխարգելմանը»,-նշեց Շահրամանյանը` հավելելով, որ որպես դեմոգրաֆիական խնդրի լուծում՝ բազմակնության տարբերակը բացառում է` անհարիր համարելով հայ մշակույթին ու մենթալիտետին:
Իսկ ահա Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ բազմակնությունը լավ էլ հարիր է Հայաստանին: «Տղաները գնում են Ռուսաստան. փեսացու չի մնում: Մեր աղջիկները ստիպված օտարերկրացիների հետ են ինտերնետով հարաբերություններ հաստատում ու ամուսնանում: Ես գտնում եմ, որ եթե տղամարդը կարող է մի քանի ընտանիք պահել, նա լիովին իրավունք ունի բազմակնության: Կողմ եմ նաեւ նման օրենքի ընդունմանը, միայն թե այն պիտի ճկուն լինի, որպեսզի ավանդապահները մեծ աղմուկ չբարձրացնեն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կազմակերպության ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Հոգեբան Սիլինա Առաքելյանն էլ պնդում է, որ ուղղակի անթույլատրելի երեւույթ է բազմակնություն կոչվածը, քանի որ կանանց ու երեխաների հոգեբանության վրա բացասական ազդեցություն է ունենալու. «Վերցնել ուրիշ մշակույթի մոդել եւ տեղայնացնել հայ հասարակության մեջ՝ ճիշտ չէ: Հայ կինը վերարտադրության գործարան երբեւէ չի եղել, հայ կինը երեխա ծնող չէ միայն: Եվ, բացի այդ, բազմակնությունը խարխլում է ընտանիքի մոդելը, ինչպես նաեւ գաղափարը»:
Ի դեպ, օրինակ՝ Նիգերիայում 20 տարի շարունակ բազմակնությունն օրինականացվել է, եւ դեմոգրաֆիական խնդիրները լուծելուց հետո այդ օրենքը վերացվել է:

Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս