Ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման հարցերով Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկիի խոսքով՝ իր երկիրը մտադիր է հրաժարվել ռուսական «Գազպրոմից» գազ գնելու պայմանագրից:
Չնայած «Գազպրոմի» հետ պայմանագրի ավարտին դեռեւս ժամանակ կա, սակայն, ինչպես երեւում է, Վարշավան որոշել է ամբողջապես դուրս մղել Մոսկվային արեւելաեվրոպական գործընթացներից: Հատկանշական է, որ սա տեղի է ունենում Վարշավայում օրեր առաջ անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, երբ որոշվեց Ռուսաստանին «փակել» իր առանցքում, մեկուսացնել նրան եվրոպական աշխարհաքաղաքական տարածությունից՝ Լեհաստանում եւ Մերձբալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ստորաբաժանումների եւ ՀՕՊ համակարգերի տեղակայման որոշմամբ:
Սույնով, փաստորեն, Վարշավան ամբողջացնում է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական որոշումը՝ դնելով նաեւ տնտեսական սահմանափակման մեկնարկը: Պարզ ասած՝ այս քայլով Արեւմուտքը ձգտում է վերջնականապես փակել Արեւելյան Եվրոպայի դուռը Ռուսաստանի համար: Բնական է, որ Լեհաստանը, որը տարածաշրջանում իր վրա է վերցրել հակառուսական ճամբարի ավանգարդային դերը եւ վարում է բացահայտ հակառուսական քաղաքականություն, շատ լավ է դա գիտակցում ու փորձում է կտրել կրեմլյան բոլոր ուժեղ լծակները:
Իհարկե, Վարշավան չէր գնա նման քայլի, եթե այլընտրանքներ չունենար, իսկ այլընտրանքներ պետք է փնտրել ու դնել քաղաքական որոշումների կայացման հիմքում, քանի որ որոշման կայացումը ենթադրում է մի քանի փուլանի գործընթաց, որի դրական արդյունքը մեծապես կախված է այդ փուլերը ուսումնասիրելուց: Այդ այլընտրանքը գտնվել է. դա Նորվեգիան է, որի հետ լեհերը բանակցություններ են վարում գազատար կառուցելու շուրջ: Նորվեգիան ունի գազի հարուստ պաշարներ եւ կարող է Լեհաստանին բավարար քանակությամբ գազ մատակարարել: Բացի այդ՝ դա կմեծացնի ռուս-նորվեգական գազային մրցակցությունը, ինչն էլ ավելի կխթանի Արեւմուտքի կանխարգելման կամ զսպման մարտավարությունը աշխարհաքաղաքական մրցակցությունում:
Հայտնի է, որ «Գազպրոմը» Մոսկվայի աշխարհաքաղաքականության կարեւորագույն գործիքներից մեկն է, որի միջոցով նա կարողանում է ազդել եվրոպական մի շարք երկրների վրա: Կարելի է ասել՝ Ռուսաստանն առանց «Գազպրոմի» նման է առանց կապի մնացած զորամիավորման: Ուրեմն պետք է նրան կտրել իր աշխարհաքաղաքական խաղաքարտից, որի պարագայում եվրոպական երկրները Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշումներ կայացնելիս այլեւս ստիպված չեն լինի հաշվի առնել էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրները:
Հենց այդ ընկերության միջոցով էր Կրեմլը շանտաժի ենթարկում Եվրոպական միությանն ու Ուկրաինային հատկապես ուկրաինական ճգնաժամի թեժ օրերին: «Գազպրոմով» Ռուսաստանը նաեւ իր ազդեցության տակ է պահում այլ երկրների, մասնավորապես՝ Հայաստանին, որին էներգետիկ անվտանգության խնդիրների տարատեսակ խաղարկումներով պահում է իր ազդեցության ոլորտում եւ դնում կախյալ վիճակում:
Ի տարբերություն լեհականի՝ հայկական էլիտան չկարողացավ իր որոշումներում այլընտրանքներ մշակել ու ազատվել «Pax Gazproma»-ից («Գազպրոմի» դարաշրջան), որի պատճառով մեր տնտեսությունը ահռելի վնասներ կրեց: Բավական է հիշել 300 միլիոն դոլարի «հանկարծակի պարտքը», որից 155 միլիոնը Հայաստանի Հանրապետության պարտքն էր «Գազպրոմին», ու դա եղել էր այն պատճառով, որ մի քանի տարի շարունակ «Հայռուսգազարդը» գազը գնել էր 180 դոլարով, սակայն իրականում գինը եղել էր 240 դոլար: Այս ամենի արդյունքում ռուսական այդ ընկերությանն անցան «Հայռուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20 % բաժնեմասը (մնացյալ 80 %¬ը պատկանում էր «Գազպրոմին»):
Ահա, թե ինչ է լինում, երբ քաղաքական որոշումներ կայացնելիս ամենակարեւոր փուլերից մեկը՝ այլընտրանքների մշակումը, հաշվի չի առնվում: Նման այլընտրանք կարող էր լինել Իրանը, սակայն կա՛մ ռուսական ճնշման, կա՛մ այլընտրանքների ճիշտ ու խորը չգիտակցման արդյունքում մենք զրկվեցինք «Գազպրոմի» մենաշնորհային տարածք չլինելու հնարավորությունից:
Արման Սահակյան