ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.2 տոկոս գնանկում: Այն հիմնականում պայմանավորված է բանջարեղենի, կարտոֆիլի, ձվի, մսամթերքի էժանացումը:
Ըստ ԱՎԾ-ի՝, այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մրգի շուկայում արձանագրվել է 12.7 տոկոս գնանկում, իսկ մայիսի համեմատ` 27.4 տոկոս գնաճ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ բոլոր քաղաքներում այս տարվա հունիսին մայիսի համեմատ մրգի գներն աճել են 17.1-49.1 տոկոսով: Իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 27.2 տոկոսով: Տեղեկացնենք, որ այս տարվա հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում թանկացել են հրուշակեղենն ու ոչ ոգելից խմիչքը: Բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում նույնպես թանկացումներ են արձանագրվել: Այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում արձանագրվել է 21.4 տոկոս գնաճ: Իսկ ահա հանրապետության բոլոր քաղաքներում այս տարվա հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 22.7-15.3 տոկոսով: Նշենք, որ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Աշտարակ քաղաքում: Երեւանում բանջարեղենի եւ կարտոֆիլի գները նվազել են 18.5 տոկոսով:
Սրան զուգահեռ նվազել է կանաչ պղպեղի, կանաչ լոբու, սխտորի գինը: Էժանացել է նաեւ խառը կանաչին, կաղամբը, ծաղկակաղամբը, սունկը, գլուխ սոխը: Իսկ ահա գազարը թանկացել է 0.7 տոկոսով, կարտոֆիլը՝ 1.7 տոկոսով, ճակնդեղը՝ 35.7 տոկոսով, վարունգը՝ 36.1 տոկոսով:
Ս. Հ.