Այն ինչի համար Վիտալի Բալասանյանին «ստախոս» հանեցին, անուղղակի հաստատեց նաև Ալեք Ենիգոմշյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրության ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ մայրաքաղաքի կենտրոնում ծավալվող դեպքերի վրա: Օրեր առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի խոսքերն այն մասին, որ ժիրայր Սէֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, սակայն այսօր Խորենացու փողոցում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը, կարելի է ասել, հաստատեց Բալասանյանի խոսքերը, միայն թե ձևակերպումներն են տարբեր:

Հիշեցնենք, որ նախօրեին լրագրողները հնարավորություն էին ստացել մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք: Այնտեղ էր նաև Վիտալի Բալասանյանը, ով լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մեջբերեց Սէֆիլյանի խոսքերը: Մասնավորապես, Բալասանյանը նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս ասել է, որ այս պահին ինքը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը առաջնահերթություն չի համարում:

«Սէֆիլյանը շատ դրական է արձագանքել բանակցությունների ընթացքին, բայց ինքն էլ իր կողմից մի քանի հարցեր է առաջ քաշել. նա հաստատել է, որ ինքը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից»,- նշել էր նա: Այս խոսքերն անմիջապես սկսեցին քննարկվել և հակադարձվել տարբեր մարդկանց, այդ թվում` Ենիգոմշյանի կողմից, ով հայտարարում էր, թե Բալասանյանը խեղաթյուրում է իրականությունը:

Այսօր արդեն Խորենացու փողոցում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը, խոսելով ՊՊԾ գնդում ընթացող բանակցությունների և ընդհանրապես ստեղծված իրավիճակի մասին, նշեց. «Ժիրայր Սէֆիլյանն ասել է, որ եթե իրեն թույլ տան հանդիպի «Սասնա ծռեր» ջոկատի տղաների հետ, և տեղում հասկանա իրավիճակը և պատկերացնի իրադրության լրջությունը, նոր կհանդիպի նախագահի հետ և կքննարկի իրավիճակին լուծում տալու հարցը, այլ ոչ թե կպահանջի նախագահի հրաժարականը, բայց դա չի նշանակում, որ Սէֆիլյանը հրաժարվում է ընդհանրապես հրաժարականի պահանջից»:

Այս խոսքերից, կարելի է հասկանալ, որ Սարգսյան-Սէֆիլյան հանդիպման թեման հիմնականում կլինի ոչ թե նախագահի հրաժարականի հարցը, այլ ստեղծված դրությանը ճիշտ և կառուցողական լուծում տալը, միաժամանակ չի քննարկվի Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Համադրելով ասվածները` ստացվում է, որ, ըստ էության, Սէֆիլյանն ընդգծել է, որ նախագահի հետ հանդիպման օրակարգը վերջինիս հրաժարականը պահանջելը չի լինելու, այլ նա գնահատականներ կհնչեցնի ստեղծված իրավիճակի մանրամասներին տիրապետելուց հետո:

Ստացվում է, որ այն ինչի համար Վիտալի Բալասանյանին «ստախոս» հանեցին, պարզվեց որ այդքան էլ այդպես չէ, որովհետև Սէֆիլյանի կողմնակիցները, մի փոքր այլ ձևակերպմամբ հաստատում են, որ Սէֆիլյանն իսկապես նման բան է ասել:

Հ.Գ. Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23-ին Խորենացու փողոցում կազմակերպած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով Ժիրայր Սէֆիլյանի կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հրաժարվելու մասին լուրերին` ասել էր. «Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը զրուցել է Ժիրայր Սէֆիլյանի հետ, ով ասել է, որ ինքը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականից: Ես չեմ ուզում հավատալ սրան, որ մեզ հրավիրող ուժը վճռական պահին հրաժարվում է իր կեցվածքից»: Նիկոլ Փաշինյանի այս խոսքերից անմիջապես հետո Ալեք Ենիգոմշյանը արդեն ոչ թե անուղղակի, այլ կտրականապես հերքեց, որ Սէֆիլյանը կարող է հրաժարվել իր պահանջից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս