ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Ալավերդի Թումասյանի սպանության դեպքի առթիվ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի որդուն:
2016 թվականի հուլիսի 21-ին Երևանի բնակիչ Վ. Թումասյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իրենց բնակարանում հայրը՝ Ա. Թումասյանը, վայր է ընկել, որի հետեւանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Ահազանգով նշված բնակարան մեկնած շտապօգնության բրիգադը արձանագրել է վերջինիս մահը:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն. դատաբժշկի կողմից դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր՝ ախտորոշվել է գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարում, մեխանիկական շնչահեղձություն, գլխուղեղի եւ պարանոցի փակ բութ վնասվածք, ողնաշարի կրծքային 1-ին ողի կոտրվածք եւ այլ վնասվածքներ:
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ա. Թումասյանի հետ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է որդին, որի ընթացքում էլ նրան պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև արյունոտ հողաթափեր, որոնք պատկանել են Վ.Թումասյանին:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Վ.Թումասյանին հուլիսի 25-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը որոշում է կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: