ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ,Ժողովուրդե-ի հետ զրույցում նշեց, որ Ուկրաինայում կարողանում են դիմագրավել Ռուսաստանի ճնշումներին, քանի որ առկա է ազգային միասնություն:
-Պարո՛ն Բոժկո, եթե ԵՄ-ն Հայաստանի համար բացառություն անի, եւ նոյեմբերին Վիլնյուսում, այնուամենայնիվ, ստորագրվի համաձայնագրի միայն քաղաքական մասը՝ առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի, այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի Ուկրաինայի արձագանքը:
-Դրա մասին ես դժվարանում եմ ասել, որովհետեւ այդ պայմանագրի վերաբերյալ Հայաստանն ունի իր սեփական քաղաքականությունը, եւ որքան գիտեմ, ԱԳ-նի կողմից եւ տարբեր համաժողովների շրջանակներում բանակցություններ են վարվում, թե ինչ տեսակի փաստաթուղթ ստորագրվի: Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ ԱՊՀ երկրներն ավելի լայն փոխհարաբերություններ ունենան թե՛ միմյանց միջեւ, թե՛ եվրոպական ուղղության վրա (նույնը վերաբերում է Հայաստանին): Իսկ Ուկրաինայի նկատմամբ ես կասեի, որ մենք ԱՊՀ երկրների հետ ունենք, օրինակ, ազատ առեւտրի պայմանագիր, որը հնարավորություն է տալիս բավականին ակտիվացնել մեր առեւտրային կապերը, միջպետական հարաբերությունները եւ այլն: Չնայած Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի այս պայմանագրի մեջ չմտնեն գազի, նավթի եւ այլ կարեւոր ոլորտները, եւ պայմանագիրը լիարժեք չի ստացվել: Հիմա մենք ուզում ենք հավասարակշռել մեր փոխհարաբերությունները Եվրոպայի հետ՝ ստորագրելով ազատ առեւտրի համապարփակ պայմանագիր: Մանավանդ որ, ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինան արտահանող երկիր է: Մեր արտահանումը, կարելի է ասել, երկու ուղղությամբ է՝ մեկն ուղղված է դեպի արեւելք, մյուսը՝ դեպի արեւմուտք: Այդ պատճառով մենք պետք է ունենանք համապատասխան հարաբերություններ Եվրոպայի հետ: Ահա թե ինչու մենք այնպես կարեւոր նշանակություն ենք տալիս Վիլնյուսում կայանալիք վեհաժողովին:
-Իսկ Ուկրաինան ինչպե՞ս է ընդունել այն իրողությունը, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը:
-Գիտե՞ք, դա ձեր ներքին գործն է: Անշուշտ, թե՛ Ուկրաինան եւ թե՛ Հայաստանը եվրոպական երկրներ են, մենք համոզված ենք դրանում, բայց թե որ կողմը գնալ՝ դուք պետք է որոշեք: Ինչ վերաբերում է Ուկրաինային, նշեմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերը եւ ընդհանրապես ժողովրդի մեծ մասն այս հարցում միասնական կարծիք ունեն: Եվ դա հնարավորություն է տալիս մեր ղեկավարությանն ընտրել եվրոպական վեկտոր: Ամեն երկիր ելնում է իր ռազմավարական շահերից, դա քաղաքականության օրենքն է: Մենք հասկանում ենք, որ կան հիմնախնդիրներ, որոնք թույլ չեն տալիս Հայաստանին անել այն ընտրությունը, ինչ Ուկրաինան:
-Մտավախություն չունե՞ք, որ վերջնականապես ԵՄ գնալու դեպքում ՌԴ-ն կարող է երկրում, մասնավորապես Ղրիմի թերակղզում, անջատողական տրամադրություններ հրահրել:
-Նորից եմ կրկնում, այդ հարցում Ուկրաինայի ժողովրդի 60 տոկոսը եվրոպամետ է: Ռուսական պրոպագանդան, իհարկե, գործում է գիշեր-ցերեկ, եւ այն, ինչ խոսք, ուժգնորեն ազդում է մարդկանց տրամադրվածության վրա: Ղրիմն Ուկրաինայի տարածքի անքակտելի մասն է: Անցած երկու տասնամյակների ընթացքում մենք շատ փորձությունների ենք դիմացել: Հիմա կարեւորն այն է, որ Եվրամիության ընտրությունն ուկրաինական ժողովրդինն է: Իսկ երբ ազգը համախմբված է, ապա չար ուժերին դիմագրավելը շատ ավելի հեշտ է:
-Ի վերջո, եթե Ուկրաինան շարունակի ԵՄ-ի հետ ասոցացումը, իսկ Հայաստանը վերջնականապես գնա ՄՄ, ինչպե՞ս դա կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա:
-Մենք ձգտում ենք դեպի Եվրամիություն՝ ամենեւին չմտադրվելով վնասել ՌԴ-ի կամ ԱՊՀ երկրների շահերը: Մենք կարծում ենք, որ երբ Ուկրաինան տնտեսության, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության մեջ եւ ներքին կյանքում հասնի եվրոպական չափանիշների, ապա դա լավ օրինակ կլինի ուրիշ երկրների համար, քանի որ մեր խնդիրներն ընդհանուր են: Բոլորս գիտենք, որ մեզ մոտ եւ ոչ միայն մեզ մոտ, կա կաշառակերություն: Գնացե՛ք, խնդրեմ, ցանկացած դատարան, եւ դուք կհամոզվեք դրանում: Կարծում եք՝ այնտեղ արդարացի որոշումնե՞ր են կայացնում: Ամենեւին էլ ո՛չ: Շատ ուրիշ խնդիրներ էլ կան: Այդ պատճառով մենք շահագրգռված ենք, որ եվրոպական չափանիշները տարածվեն ու հաստատվեն մեզ մոտ: Ինչո՞ւ ենք մենք շարունակ դիմում Եվրադատարան, որովհետեւ այնտեղ չափանիշները ճշմարտացիորեն են ընտրված: Իմ կարծիքով՝ Ուկրաինայի առաջին եվրամետ իրական քայլն օրինակելի կլինի թե՛ Հայաստանի եւ թե՛ մյուս երկրների համար: Եվ հավատում եմ, որ վաղ թե ուշ Ռուսաստանի Դաշնությունն ինքն էլ կմիանա Եվրոպային:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 644 համար