ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս տեղեկություններ էին հրապարակվել, որ Երեւանի “Գոլդեն փելես” հյուրանոցային համալիրի հետնամասում ապօրինի շինարարություն է ընթանալու: Երեկ “Ժողովուրդ”-ը եղել է հյուրանոցում՝ տնօրինությունից պարզաբանում ստանալու համար:
“”Գոլդն փելես” հյուրանոց” ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ջանոյանը նշեց, որ հյուրանոցի հետնամասում այս պահի դրությամբ որեւէ շինաշխատանք չի կատարվում. “Ընդամենն ուսումնասիրվել է տարածքը, հետնամասի գրունտի ամրությունը: Միանշանակ հավաստիացնում եմ ձեզ, որ շինարարություն կատարելուց առաջ օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը, թույլտվությունները լինելու են, հետո նոր սկսվելու են շինաշխատանքները: Բացարձակ որեւէ ապօրինի շինարարություն չկա”:
Մեր հարցին, թե ինչ է կառուցվելու հյուրանոցի հետնամասում, տնօրենն ասաց. “Հյուրանոցի սեփականատերերը որոշել են ընդլայնել հյուրանոցի տարածքը, իսկ այս պահին կատարվում են ընդամենը չափագրման աշխատանքներ, որպեսզի տեսնենք, թե ինչքանով է հնարավոր դա անել: Հյուրանոցի սեփականատերերը նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով վերջին տարիներին տուրիզմի աճը: Իսկ ներդրումները կկատարվեն դրսից, բնականաբար կստեղծվեն նաեւ նոր աշխատատեղեր”:
Արդյո՞ք շինաշխատանքները չեն կատարվի բնության “հաշվին”. “Ո՛չ, այդ հատվածում ոչ մի ծառ չի հատվելու, մենք պատրաստ ենք բոլոր շրջակա ծառերը համարակալել, եւ շինարարության ավարտից հետո, եթե նույն ծառերը տեղում չլինեն, ոչ միայն պատրաստ ենք վճարել տուգանքները, այլեւ յուրաքանչյուր հատված մեկ ծառի համար տնկել 10-15 ծառ: Մեր հյուրանոցի առավելություններից մեկն էլ ծառերի առատությունն է: Իսկ շինարարությունը լինելու է միայն գազոնների հատվածում, ծառ չի հատվելու”:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 645 համար




Լրահոս