ՊԱԼԻԱՏԻՎ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԷ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում 3200-3600 անբուժելի հիվանդներ ամենօրյա պալիատիվ (ամոքիչ) օգնության կարիք ունեն: Տարեկան 27-28 հազար մահացողներից անբուժելի հիվանդություններով տառապող 16-17 հազարն ունենում է պալիատիվ բուժօգնության անհրաժեշտություն: Սակայն Երեւանում գործող պալիատիվ բուժօգնության նորաստեղծ բաժանմունքը, որն ունի ընդամենը տասը մահճակալ, մշտապես թերբեռնված է: Ավելին, արդեն չորրորդ օրն է, ինչ կենտրոնը հիվանդ չունի: Իսկ պատճառն այն է, որ ամոքիչ ծառայությունը քչերի համար է մատչելի. յուրաքանչյուր հիվանդ օրական պետք է վճարի 20 հազար դրամ:
ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2011թ. առողջապահության նախարարության, Բաց հասարակության ինստիտուտի եւ Հայաստանի հակացավային եւ պալիատիվ օգնության ասոցիացիայի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ստեղծվեց ամոքիչ (պալիատիվ) օգնության ուսումնական կենտրոն:
Սերժ Սարգսյանի հանձնարարականով եւ “Վանատուն” հիմնադրամի աջակցությամբ 2013թ. ուսումնական կենտրոնին կից ստեղծվեց 10 մահճակալից բաղկացած կլինիկական բազա, որի 5 ամսվա աշխատանքի ընթացքում ստացիոնար բուժում ստացան ավելի քան 50 հիվանդներ: Նշենք, որ բաժանմունքի սարքավորումները տրամադրել է “Վանատուն” հիմնադրամը, որի ղեկավարը Հայաստանի հակացավային եւ պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ Հրանտ Կարապետյանն է:
Համաձայն պալիատիվ օգնության ստանդարտների՝ Հայաստանը 150 ստացիոնար մահճակալների եւ 60 շարժական բրիգադների կարիք ունի: Եվ հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ “Վանատուն” հիմնադրամը մշակել է Պալիատիվ օգնության հանրապետական կենտրոնի (ՊՕՀԿ) էսքիզային նախագիծ: Հիմնադրամի ղեկավար Հրանտ Կարապետյանի խոսքով՝ կենտրոնը համապատասխանում է բոլոր միջազգային պահանջներին եւ հաշվարկված է 50 ստացիոնար հիվանդների ու 20 շարժական բրիգադների համար, որոնք ի վիճակի կլինեն օրական 120 հիվանդի սպասարկել: ՊՕՀԿ-ն նաեւ ուսումնամեթոդական օժանդակություն կտրամադրի Գյումրու, Վանաձորի եւ Գորիսի մարզային կենտրոններին, որոնք կբացվեն ՊՕՀԿ-ի ստեղծումից 2-3 տարի անց: Հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ նման կենտրոն տարածաշրջանում գոյություն չունի: ՊՕՀԿ-ի նախագծային արժեքն է 2 միլիոն ԱՄՆ դոլար, որը հանգանակելու նպատակով կազմակերպվել է դրամահավաք: Այս պահի դրությամբ ընդամենը 380 դոլար է հավաքվել: Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա ՊՕՀԿ-ի շինարարության գործում այն, ցավոք, չի լինելու:
Իսկ մինչ այդ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում ստեղծված ամոքիչ օգնության կենտրոնում ստացիոնար բուժման համար հիվանդն օրական պետք է վճարի 20 հազար դրամ, ինչը շատերի համար մատչելի չէ: Դրա համար էլ տասը մահճակալանոց այս բաժանմունքում բուժում են ստանում հատուկենտ մարդիկ: Երեկ “Ժողովուրդ”-ն այցելեց կենտրոն եւ արձանագրեց, որ այդքան կարեւոր այս բաժանմունքում գրեթե չորս օր է, ինչ հիվանդ չկա: 
Մինչդեռ եթե ծառայությունը համավճարով լիներ, ապա տասը մահճակալն էլ զբաղված կլիներ, դեռ ավելին, կլինեին մարդիկ, որոնք կհերթագրվեին:
Ինչպես վստահեցնում է պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ Հրանտ Կարապետյանը, “Վանատուն” հիմնադրամի ներկայացրած նոր նախագծի իրագործումից հետո փոփոխություններ կլինեն. “Պետությունն իր վրա կվերցնի պետպատվերի ինչ-որ մի քանակ, ենթադրենք՝ օրական վճարվող 20 հազար դրամի կեսը պետությունը կվճարի, իսկ մյուս կեսը՝ հանգանակության կամ միջազգային այլ կազմակերպությունների միջոցով”:
Սակայն ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական ծրագրերի եւ որակի կառավարման վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ծրագրի համար պետական ֆինանսավորում չկա: “Ծրագիրը փորձարարական ձեւաչափի մեջ է: Դեռ մենք պետք է հասկանանք, թե ինչ ձեւաչափ ընտրենք, որն  է ճիշտ մեր հանրապետության համար: Ես լուրջ ուսումնասիրություն եմ ուզում անել եւ հասկանալ, թե որն է ճիշտը՝ հիվանդանոցային բուժմանը զարկ տանք, թե մոբիլ թիմերին: Այն ֆինանսապես էժան է նստում: 20 հազար դրամ ինքնարժեքի ձեւավորումն էլ է երեւի փորձագիտական, ամեն ինչը պիլոտային, սաղմնային վիճակում է: Իսկ այն, որ մենք երկրում ունենք աղքատության, հաշմանդամների խնդիր, որոնք ի վիճակի չեն վճարելու այդ գումարը, դա հաստատ է: Եթե 20 հազար դրամը բազմապատկենք տասով` տասնօրյա բուժման, կստացվի 200 հազար դրամ: Իսկ դա շատ մարդկանց գրպանին ոչ հասու գումար է: Ինքը չի էլ գործելու: Կամ շատ քիչ քանակով մարդկանց համար է գործելու”,-նշեց տիկին Վարդանյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 642 համար




Լրահոս