Այսօր արդեն 9-րդ օրն է՝ ինչ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից շարունակում է գրաված մնալ ոստիկանության ՊՊԾ գունդը։ Եվ արդեն գրեթե նույնքան օր է ինչ Խորենացու փողոցում ամեն օր հավաքվում են քաղաքացիներ, տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելու և իրավիճակից ելքեր գտնելու նպատակով։
Ամփոփելով երեկվա օրը, կարող ենք առանձնացնել մի քանի դրվագներ։ Նախ օրը սկսվեց Ալեք Ենիգոմշյանի, Դավիթ Սանասարյանի և Ալբերտ Բաղդասարյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսով։ Ալեք Ենիգոմշյանը երեկ մասնավորապես նշել էր․ «Այս առավոտ (երեկ առավոտ) նույնպես մթնոլորտի սրացման քայլ է արվել, ռազմական օղակները տարածքի վրայից են թռել, տասը րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին: Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները հակամետ չեն հանգիստ մթնոլորտում շարունակել բանակցությունները»։
Արդեն օրվա ընթացքում ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են նոր ձերբակալություններ և բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց ևս մեկ խումբ:
Այսպես, ստացված տվյալների համաձայն, զինված հարձակման համար անհրաժեշտ բեռնատարը դրա սեփականատեր Խ.Գ.-ից խմբի առանձին անդամները վերցրել են նրա ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով: Միաժամանակ բացահայտվել է, որ խմբի առանձին անդամներ դրդել են դրսում գտնվող իրենց հանցակիցներին, բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ օգտագործելու միջոցով, ճեղքել Խորենացու փողոցի ոստիկանական շղթան և վերցնել իրենց կողմից հափշտակված հրազենը:
Դրանից հետո ԱԱԾ-ն հրապարակեց կոչ «Սասնա ծռեր» խմբի անդամներին` ևս մեկ անգամ հորդորելով նրանց հանձնվել իշխանություններին, «քանի դեռ ժամանակ կա»: Նաև ԱԱԾ-ը ներկայացրել է, թե ինչ հոդվածներ կարող են առաջադրվել խմբի անդամներին:
Այնուհետև հայտարարություն տարածեց ՀՀ ոստիկանությունը՝ հայտնելով, որ ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը այսօր այրել է գնդի 2 ծառայողական մեքենա, իսկ երեկ այրել էր ևս մեկը։ Արդեն երեկոյան Խորենացի փողոցում կրկին հավաքվեցին խմբավորման աջակիցները, ովքեր այնուհետև նաև երթ անցկացրեցին։