ՀՀ ոստիկանությունը հաստատել է տեղեկատվությունը, ըստ որի ոստիկանների եւ «Սասնա ծռերի» անդամների միջեւ փոխհրաձգություն է եղել եւ կան վիրավորներ:
Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է.
«Հուլիսի 25-ի երեկոյան, ժամը 20.00-ից մինչեւ կեսգիշերն ընկած ժամանակահատվածում, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել եւս երկու ավտոմեքենա։ Այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։
Ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։
Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։
Իրավապահները անմիջապես բուժօգնություն են կանչել եւ առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, ինչին զինված խմբի անդամները համաձայնել են։
Ներկայումս երկու վիրավորներն էլ գտնվում են հիվանդանոցում եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Վիրավորված անձինք են՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը։ »:
Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: