Ինչպես հայտնի է` այսօր գիշերը միջադեպ էր գրանցվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում: Միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում էին ստացել և «Էրեբունի» ԲԿ տեղափոխվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամնեն Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը:
Այցելելով Էրեբունի ԲԿ` ArmLur.am-ն ականատես եղավ, թե ինչպիսի հսկողություն է սահմանված ԲԿ-ի տարածքում, մասնավորապես լրագրողներին չթողեցին ներս մտնել, իսկ այնուհետև ներս մտնել չթողեցին նաև վիրավոր Աշոտ Պետրոսյանի հարազատներին:
Պետրոսյանի դուստր Տաթևիկը դիմեց փաստաբան Հայարփի Սարգսյանին, ով եկավ ԲԿ, սակայն նրան նույնպես չթողեցին տեսակցել Աշոտին, այնուհետև վերջինս ԲԿ-ի տարածք հրավիրեց ՄԻՊ արագ արձագանքման խմբին:
Ինչպես հայտնի է` Էրեբունի ԲԿ-ում է գտնվում նաև դեռևս հուլիսի 17-ին խմբավորման վիրավորված անդամ Թաթուլ Թամրազյանը, ով շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Էրեբունի Բկ-ի ինտենսիվ թերապիայի բաժնի ղեկավար Հարություն Մանգոյանը նշեց, որ նրա վիճակը կայուն ծանր է: Անդրադառնալով այսօր ադեն ԲԿ տեղափոխված վիրավորներին` նա հայտնեց, որ երկու վիրավորն էլ այսօր կմնան վերակենդանացման բաժանմունքում, վաղը նոր պարզ կլինի նրանց կտեղափոխեն հիվանդասենյակ, թե ոչ:
Հավելենք, որ Էրեբունի ԲԿ բացի Տաթևիկից եկել էր նաև Աշոտ Պետրոսյանի որդին` Գարուշը, ով ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջերս է եկել Ռուսաստանի Դաշնությունից: Հավելենք, որ Աշոտ Պետրոսյանի զավակները չէին ցանկանում խոսել խմբավորման կամ հոր արարքի մասին և որևէ որակում տալ: Տաթևիկը միայն նշեց, որ վերջերս իրենց տուն իրավապահներ են այցելել, ցանկանալով նրան համոզել, որ ինքը մտնի ՊՊԾ գնդի տարածք և հորը համոզի դուրս գալ այնտեղից և զենքերը վայր դնել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան