Իշխանությունները պետք է զիջումների գնան. Սամվել Թոփալյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ներկայացրել է որոշ արվեստագետների եւ շոուբիզնեսցիների կարծիքը` հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու, իշխանություններին ներկայացրած պահանջների եւ հնարավոր հանգուցալուծման վերաբերյալ: Այս անգամ մենք զրուցել ենք թատրոնի եւ կինոյի դերասան, հաղորդավար Սամվել Թոփալյանի հետ, ով, ի դեպ, հասցրել է լինել Խորենացի փողոցում եւ ծանոթ է տեղի մթնոլորտին:

«Ես ցույցերի, բողոքի ակցիաների երբեք չեմ մասնակցել, միշտ կասկածել եմ, որ առկա է պատվեր, բայց սա այն եզակի դեպքն է, որ ես համոզված եմ` պատվեր, առավել եւս` դրսից, չկա: ՊՊԾ գնդի տարածքում հավաքվել են շատ կոնկրետ ճանապարհ անցած, ազնվագույն մարդիկ: Ես Խորենացիում եղել եմ զուտ մարդկային գործոնից ելնելով. շատերն այնտեղ են, եւ ես չէի կարող տանը ոտքս ոտքիս գցել ու սուրճ խմել»,-ասաց նա:

13754380_1101092546638477_8466092580139295871_n

Ինչ վերաբերում է իրավիճակի հնարավոր հանգուցալուծմանը, ապա Սամվելը չի պատկերացնում, թե դա որ եղանակով է հնարավոր գտնել. «Ապրում ենք մի երկրում, որտեղ շատ տարօրինակ երեւույթներ են կատարվում, չես կարող ասել, թե որ քայլից հետո ինչ կլինի»,-մեկնաբանեց դերասանը: Նա առաջարկեց արյունահեղությունից խուսափելու իր տարբերակը. «Այս դեպքում իշխանությունները պետք է զիջումների գնան, քանի որ «Սասնա ծռեր»-ի տղաների պահանջը շատ կոնկրետ է, անձնական նպատակներ չի հետապնդում եւ օդի մեջ չի հնչում»,-նշեց Սամվելը:
Դերասանը վստահ է, որ եթե «Սասնա ծռեր»-ի անդամներից մեկը իր անցած ճանապարհին որեւէ բիծ ունենար, իշխանություններն այսօր կփորփրեին նրանց անցյալը եւ այդ բիծը կմտցնեին ժողովրդի աչքը. «Բայց նման մի փորձ ես չտեսա»,-նկատեց նա:

big_1328964058_7227513_ts1328973131

Անդրադառնալով Խորենացի փողոցում տիրող մթնոլորտին` Սամվելը խոստովանեց, որ առանձնապես կապ չի տեսնում ՊՊԾ գնդի ներսում տեղի ունեցող իրավիճակի եւ Խորենացի փողոցում ամբիոնից խոսող որոշ մարդկանց կոչերի միջեւ. «Շատերն այնպիսի կոչեր են անում, որ ժողովուրդը տեղափոխվի էմոցիոնալ դաշտ: Դա շատ տգեղ է: Թողած կոնկրետ իրավիճակը` ոմանք խոսում են բաներից, որոնք մենք անգիր գիտենք: Եթե անգամ դա դիտավորյալ չի արվում, թող ելույթ ունեցողները հասկանան` ինչ են խոսում»,-հորդորեց դերասանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս