ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնի Մասիսի բաժանմունքում հարուցված կատարողական վարույթով պահանջատեր Սամվել Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա 2016 թվականի մարտի 10-ին հիշյալ բաժանմունքում հարուցված կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողն ու վերադասները առաջարկել են ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցել գումար՝ բնակարանից վտարումն իրականացնելու համար:
Ինքը հրաժարվել է առաջարկից և հետագայում պարզել, որ նույն հարկադիր կատարողը, օրենքով սահմանված կարգով, չի կատարել բնակարանից վտարելու վերաբերյալ դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջները, իսկ վերջինիս վերադաս պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ իր իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ և 315-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: