«ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍ ՉԵՄ ԿԱԶՄՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե անձամբ ինքը շատ ուրախ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունների հետ որեւէ առնչություն չունի: Անդրադառնալով այն տեսակետին, թե սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը չի կարողանում ղեկավարել իրեն վստահված գերատեսչությունը, պարոն Արսենյանն ասաց, թե այդ առումով ինքը որեւէ բան ասել չի կարող, քանի որ Յ. Վարդանյանին ճանաչում է միայն որպես լավ մարզիկ:
-Պարո՛ն Արսենյան, վերջին օրերին հանրային քննարկումների առանցքում է «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը: Դուք տեղյա՞կ եք, թե ինչն է եղել նրանց վեճի պատճառը:
-Ներկա չեմ եղել, տեղյակ եմ մամուլից, կարծում եմ, որ հարցը վերաբերում է սպորտի հանդեպ տարբեր մոտեցումներին:
-Նշվում է, թե ԲՀԿ առաջնորդին բարկացրել է այն փաստը, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտվել օրենքի խախտումներով: Կարո՞ղ էր այդ ամենի հետեւանքով պարոն Ծառուկյանը նման պահվածք ցուցաբերել եւ սեռական հայհոյանքներ հնչեցնել հասարակական վայրում:
-Հարցադրումն ուղղե՛ք պարոն Ծառուկյանին, կարծում եմ, որ կարող է պատասխանել մարդ, որը ներկա է եղել միջադեպին: Ներկա չլինելով` որեւէ մեկնաբանություն, որեւէ բացատրություն տալ չեմ կարող:
-Բայց այս տարիների ընթացքում ճանաչելով պարոն Ծառուկյանին՝ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ նա նման պահվածք ցուցաբերեր:
-Ուղղակի հարցը տվե՛ք մասնակցին՝ կա՛մ Բաղդասարյանին, կա՛մ Ծառուկյանին:
-Իսկ Դուք պարոն Ծառուկյանի հետ այդ միջադեպից հետո զրուցե՞լ եք:
-Չէ՛, ինչո՞ւ պետք է նմանատիպ հարցերի մասին ես խոսեմ Ծառուկյանի հետ:
-Օրինակ` պարզելու համար, թե ինչն է պարոն Ծառուկյանին վրդովեցրել:
-Պարոն Ծառուկյա՞նը, ինչո՞ւ չեք ուզում հարցնել, թե ինչից է վրդովվել պարոն Բաղդասարյանը:
-Պարոն Բաղդասարյանի վրդովմունքի պատճառը հայտնի է. Գ. Ծառուկյանի վատ արտահայտությունները` ուղղված սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, դուր չեն եկել Բաղդասարյանին: Վերջինս վիրավորվել է այն բանից, որ իշխանության ներկայացուցչի հասցեին Ծառուկյանն անհարգալից է արտահայտվել:
-Արթուր Բաղդասարյանը վիրավորվա՞ծ է… իշխանության բոլոր ներկայացուցիչներն էլ կարող են ունենալ վիրավորվելու կամ վիրավորելու ցանկություն:
-Տեսակետ կա, որ ԲՀԿ-ն նախանձում է ՕԵԿ-ին այն բանի համար, որ վերջինս մինչ այժմ իշխանության մաս է կազմում եւ օգտվում բոլոր բարիքներից, մինչդեռ ԲՀԿ-ն այդպես էլ չկարողացավ կողմնորոշվել եւ պահպանել իր դիրքերն իշխանությունում: Իսկապե՞ս նախանձում եք:
-Արսենյանի՞ն նկատի ունեք:
-Ե՛վ անձամբ, ե՛ւ ԲՀԿ խմբակցությանը:
-Ես խմբակցության անդամների մոտ ներքին հետազոտություն կանցկացնեմ, որից հետո նոր կպատասխանեմ այս հարցին: Ես անձամբ ի՞նչ ունեմ, ո՞ւմ եւ ինչո՞ւ պիտի նախանձեմ:
-Իշխանության մաս չեք կազմում…
-Անձամբ ես երջանիկ եմ, որ այս իշխանության մաս չեմ կազմում:
-Խոսակցություններ կան, որ ԲՀԿ առաջնորդը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ պահանջել է, որպեսզի Ա. Բաղդասարյանը հրաժարվի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը:
-Ես այդ հարցը չեմ քննարկել: Ես այլ սպորտ եմ սիրում, ֆուտբոլի երկրպագու եմ: Բայց անգամ լինելով ֆուտբոլի երկրպագու՝ չեմ մասնակցում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին, ուր մնաց, թե ես պետք է վոլեյբոլի ֆեդերացիայի վերաբերյալ ունենայի սպառիչ տեղեկություն:
-Լավ, ըստ Ձեզ՝ իսկապե՞ս սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի աշխատանքն այդքան վատն է, որ Գ. Ծառուկյանը հայտարարում է, թե նրա պաշտոնավարումից հետո այդ գերատեսչությունը «քանդվել» է:
-Ես Յուրի Վարդանյանին ճանաչում եմ որպես ՀՀ շատ պատվավոր մարզիկ:
-Իսկ որպես սպորտի նախարա՞ր:
-Որպես սպորտի նախարար՝ չեմ ճանաչում, չգիտեմ՝ իր գործունեության արդյունքները ինչպիսին են, երբ որ կճանաչեմ, այդ մասին կասեմ իմ գնահատականները: Ես Մոսկվայում էի, երբ Յուրի Վարդանյանն այդ ծանրաձողը բարձրացրեց:
-Կարծես թե Վարդանյանին՝ որպես նախարարի, ոչ ոք չի ընդունում, ու նրա վարկանիշն «ընկել» է այդ պաշտոնին նշանակվելուց հետո…
-Չեմ կարծում, մամուլի կողմից տիրաժավորվող ինչ-որ տեսակետ է, որի հետ ես համաձայն չեմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս