ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՄ ԵՆ ՈՒ ՎԵՐՋ
«Հայաստանը նախորդ տարիների ընթացքում մեծ առաջընթաց է ապրել ժողովրդավարության կայացման ճանապարհին: Ավելի բաց ու ազատ է դառնում, բայց միշտ էլ հնարավոր է եւ կարելի է ավելին անել կառավարման հարցերի բարեփոխման ուղղությամբ»,-ՄԱԿ-ի օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երեկ հայտարարեց Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Թեեւ նա դժվարացավ գնահատել, թե Հայաստանն ինչքանով է կատարում ժողովրդավարության հարցերում իր ստանձնած պարտավորությունները, սակայն անդրադարձավ օրերս աղմկահարուց մի խնդրի. «Գենդերային հարցերը, որ բարձրաձայնվեցին, պետք է նշեմ, որ այս հարցում ՄԱԿ-ն ունի իր մոտեցումը: Մենք ամեն տեսակ խտրականությանը դեմ ենք եւ վերջ: ՀՀ-ն բազմաթիվ կոնվենցիաներ ու փաստաթղթեր է ստորագրել, այդ թվում` ՄԱԿ-ի, ուղղված խտրականության դեմ: Նշեմ, որ սեռային հավասարությունը չի նշանակում, որ տղամարդիկ ու կանայք նույնն են, այլ նշանակում է, որ նրանք ծնվելիս հավասար հնարավորություններ ունեն, եւ նրանց համար պետք է ստեղծվեն հավասար հնարավորություններ հետագա զարգացման համար»:

ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼՈՒ Է
Երեկ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը եւ ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիշուկե Յամագիշին ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն՝ Ճապոնիայի կառավարությունը 92 հզ. 061 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրամադրելու ՀԿԽԸ-ին` Արարատի մարզի սահմանամերձ Լուսառատ համայնքի դպրոցի երկրորդ հարկի վերանորոգման համար: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու հենց Լուսառատը, ՀԿԽ աղետների կառավարման եւ բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը պատասխանեց. «Կոնկրետ այս դպրոցը, որ մենք ընտրել ենք, չուներ զուգարան, ջուր, լույս: Պատուհանները կոտրված էին, եւ գտնվում էր անմխիթար վիճակում: Եվ 2009թ.-ից փորձեցինք ֆոնդեր հայթայթել, 2010թ. հոկտեմբերին հաջողվեց Ճապոնիայի կառավարությունից ստանալ գումարը: 2011թ. գարնանը վերանորոգվեց, իսկ սեպտեմբերին եղավ պաշտոնական բացումը: Վերանորոգելով առաջին հարկը՝ պարզվեց, որ 150 աշակերտ սովորում է լավ պայմաններում, իսկ մյուս 150-ը՝ վատ: Եվ ահա երկրորդ հարկի վերանորոգումով դպրոցի խնդիրը կլուծենք»:

ԱԶԱՏԵԼ Է
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով աշխատանքից ազատվել են Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը եւ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ն այս մասին գրել էր դեռեւս մեկ ամիս առաջ:

ԱՐԺԵ ՎԵՐԱՆԱՅԵԼ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՅԴ խմբակցությանը, երեկ հայտարարել է. «Իմ կողմից շատ հարգված գործընկերն ասում է, որ, լինելով ընդդիմության մեջ, իրենք կողմ են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծին: Որ կողմ են՝ հասկանալի է, բայց եկեք նորից նայենք ընդդիմություն լինելու հարցը: Իմ համեստ, իմ անձնական պատկերացմամբ՝ ընդդիմություն լինելով եւ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության թիվ մեկ պահանջատերի դերում հանդես գալով՝ չեն գնում եւ կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին եւ ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանձնել»:




Լրահոս