ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ՃՆՇԵ՞Լ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ վերջերս «Ասպարեզ»-ին տված հարցազրույցը մեծ աղմուկ բարձրացրեց: Այդ հարցազրույցում նա սուր քննադատության էր ենթարկել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին եւ երկրորդել Ասողիկ քահանայի կարծիքը, թե աթեիստ հայը հայ չէ: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` Աջապահյանը Մայր աթոռի ճնշումների ներքո է նման հարցազրույց տվել:
«Լկտիությունն արդեն կարծիք չէ, այլ պարզապես լկտիություն: Կաթողիկոսին «այլանդակություն» եւ «սատանա» անվանելը ոչ մի կապ չունի կարծիք ունենալու հետ, այլ վկայում է ասողի բարոյական (այս դեպքում անբարոյական) կերպարի մասին: Ուրեմն ոչ թե իր կողքին պետք է կանգնենք, այլ դատապարտենք իրեն՝ մտավորականի անհարիր պահվածքի եւ պարզապես խուլիգանության համար: Ինքն այլեւս բարոյական դիակ է, դիակի դեմ պե՞տք է պայքարել»,-սա Շիրակի թեմի առաջնորդի կարծիքն է Նիկոլայ Ծատուրյանի մասին, որը վերջերս բավական աղմկահարույց մի հարցազրույց էր տվել «Գալա»-ին՝ սուր քննադատություն հնչեցնելով աշխարհիկ եւ հոգեւոր իշխանության հասցեին:
Վերջերս Ասողիկ քահանան էլ կարծիք էր հայտնել, թե աթեիստ հայը հայ չէ: Այդ միտքը հասարակական մեծ հնչեղություն էր ստացել՝ հիմնականում բացասական տոնայնությամբ: Սակայն սրբազանը համաձայնել է նշյալ տեսակետին. «Ես լիակատար կերպով համաձայն եմ Ասողիկ քահանայի հետ, սակայն դա բացատրել է պետք: Հայ առաքելական եկեղեցին հայի ինքնության 80 տոկոսն է կազմում, եթե ոչ ավելին: Որեւիցե մեկը, ով ուրանում է այդ 80 տոկոսը, որքանո՞վ կարող է հայ նկատվել»: Աջապահյանն անդրադարձել էր նաեւ Զորի Բալայանի հայտնի բաց նամակին եւ դարձյալ դրական գնահատական տվել. «Բալայանի նամակը պարզապես հիշեցնում է Ռուսաստանի պարտավորության մասին Ղարաբաղի նկատմամբ՝ Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի առիթով: Այդքան բան: Մնացյալը պարզապես մեկնաբանություններ են, որոնք հիմք չունեն»:
Մեր հավաստի աղբյուրների վկայությամբ՝ Աջապահյանը Մայր աթոռում հայտնի է որպես ընդդիմադիր կեցվածքով հոգեւորական: Սրբազանը հասարակական հնչեղության զանազան հարցերում միշտ ունեցել է սեփական դիրքորոշումը, որն աչքի է ընկել իր ըմբոստ եւ ոչ իշխանամետ շեշտադրումներով: Սակայն վերջին հարցազրույցում շատերի համար անսպասելիորեն նա բոլորովին այլ կեցվածքով հանդես եկավ:
Ինչպես հավաստում են Շիրակի թեմին մոտ կանգնած մեր աղբյուրները, թեմի առաջնորդը Մայր աթոռի կողմից ճնշումների է ենթարկվել, ինչի արդյունքում էլ նրա տեսակետները փոխվել են: Նշված հարցազրույցից 2 օր առաջ՝ երեկոյան, Մայր աթոռից 2 հոգեւորական այցելել են Շիրակի թեմի առաջնորդարան եւ երկարատեւ զրույց ունեցել սրբազան հոր հետ: Հանդիպումից հետո Աջապահյանն այլայլված դեմքով է եղել: Ըստ մեր տեղեկությունների` այդ հյուրերը եղել են կաթողիկոսի պատգամախոսները, որոնք ինչ-ինչ ցուցումներ են տվել Շիրակի թեմի առաջնորդին` զգուշացնելով, թե ինչի մասին է պետք բարձրաձայնել եւ ինչի մասին լռել:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ` պարզելու այս տեղեկության իսկությունը:
«Հնարավոր է՝ աշխատանքային այց է եղել, բայց այդ օրերին նույնիսկ հանդիպում չեմ ունեցել Էջմիածնից ժամանած ինչ-որ հյուրերի հետ: Ոչ մեկը սրբազանին ճնշել չի կարող, նման բան չի եղել ու չի լինի: Հարցազրույցի մեջ ասած բոլոր մտքերն իմ անձնական համոզմունքներն են»,-հավաստիացրեց Աջապահյանը:
Մեր դիտարկմանը, թե սրբազանը մշտապես աչքի է ընկել Մայր աթոռում իր անկախ, եթե չասենք` ընդդիմադիր կեցվածքով, եպիսկոպոսը պատասխանեց. «Եկեղեցում չկա ընդդիմություն, եկեղեցում կա հնազանդություն»:
Զրուցեցինք նաեւ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ, ով՝ որպես աթեիստ, սակայն հայ, խիստ վիրավորվել է սրբազան հոր տեսակետներից եւ չի բացառում, որ առաջնորդը ճնշումների ենթարկված լինի. «Ես տեղյակ եմ, որ պարոն Աջապահյանը (պարոն հատուկ եմ ասում) նախկինում բազմիցս ճնշումների է ենթարկվել Մայր աթոռի կողմից: Նա այն եզակի հոգեւորականներից էր, որն ուներ սեփական կարծիք եւ միշտ ազատորեն արտահայտվում էր, սակայն վերջին հարցազրույցը փաստեց, որ նա հավասարվել է Էջմիածնի մյուս պարոններին: Ամենայն հավանականությամբ, պարոն Աջապահյանին հալածանքների են ենթարկել, այն նույն հալածանքներին, որոնց արդյունքում ժամանակին Շիրակի թեմին զուգահեռ Արթիկի թեմ ստեղծեցին»:
Նշենք, որ օրերս Գյումրիում Միքայել եպիսկոպոս Աջապահյանին զորակցող երիտասարդների խումբ է ստեղծվել: Նրանց նպատակը սրբազան հորը քննադատություններից պաշտպանելն է:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս