ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ «ԿՈԿՈՐԴԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ մինչեւ 70 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին (կամ որ նույնն է՝ փոքր բիզնեսին) ստուգելու իրավունք ունեն ոչ միայն ՊԵԿ-ը, այլեւ մի քանի պետական կառույցներ: Այս պատկերն է ստացվել ՀՀ կառավարության` «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» որոշման մեջ օրերս կատարված փոփոխությունների եւ լրացումների արդյունքում: ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս փոփոխությունը խիստ բացասական գնահատեց:
Այսպիսով՝ վերացվել է փոքր բիզնեսի ստուգման արգելքը, որը մտցվել էր 2009 թվականին տեսչական բարեփոխման շրջանակում, որի համաձայն՝ մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներում արգելվում է ստուգում անցկացնելը: Բանն այն է, որ 2009թ. որոշվել էր տեսչական բարեփոխումների շրջանակում իրականացնել մորատորիում, համաձայն որի՝ մինչեւ 70 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներում արգելվում էր ստուգումների իրականացումը (բացառությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի) այնքան ժամանակ, մինչեւ ստուգում իրականացնող մարմինը չներդներ ռիսկի վրա հիմնված համակարգ: Ըստ կառավարության՝ արդեն մի շարք մարմիններ ներդրել են ռիսկի վրա հիմնված համակարգը, եւ անհրաժեշտություն է առաջացել վերջիններիս համար վերացնել սահմանված արգելքը:
Կառավարության կատարած այս փոփոխությունները, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ, անտեղի են. «70 միլիոնանոց բիզնեսը, որը փոքր բիզնես է համարվում, հազիվ կարողանում է իր կենցաղային հոգսերը հոգալ. այդ մարդկանց հետեւից ընկնում են որպես ի՞նչ… Առանց այն էլ Հայաստանում գործարար ակտիվությունը զոհված է: Եթե բարենպաստ պայմաններ չեն կարող ապահովել մարդկանց գործերի զարգացման համար, ուրեմն որպես ի՞նչ են ստուգումների ենթարկում: Կարելի է ենթադրել, որ այստեղ որոշակի շահեր են հետապնդվում. գուցե ինչ-ինչ տնտեսվարողների շահերն են, գուցե պարզապես անհատների: Այնուամենայնիվ, արդեն մտածում եմ` իշխանություններն ինչ-որ հրահանգ ունեն` Հայաստանում ամեն ինչ ոչնչացնել, վերացնել»:
Ի դեպ, ստուգումների մասին այս լուրերը սկսել են անհանգստացնել որոշ մանր գործարարների. մեր խմբագրություն դիմած քաղաքացի Արմեն Կարապետյանը հետեւյալ մտահոգությունը հայտնեց. «Մենք ստուգում կոչվածից չենք վախենում, սակայն մտահոգվում ենք, որ սա դրամաշորթության մի նոր սկիզբ չլինի»:

Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս