Առաջնորդները տուն գնացին, զինյալները վիրավորվեցին, իսկ հավաքի մասնակիցներին բերման ենթարկեցին. հուլիսի 26 լույս 27

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 26-ին մեծ շուքով մեկնարկած հանրահավաքը, որ սպառնում էր վճռական դառնալ, ավարտվեց դժգոհությամբ: Քաղաքացիներին հռետորները ստիպողաբար տուն ուղարկեցին:

Բայց ամեն ինչի մասին հերթով: Կեսօրին ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ-ի կողմից ցուցարարներին կոչ էր արվել ակցիան այլ վայրում իրականացնել, հակառակ դեպքում սպառնալով, որ ուժի կիրառում կլինի, սակայն հավաքը ի հեճուկս իրավապահների, հենց Խորենացու փողոցում էլ տեղի ունեցավ: Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի համակիրներն անդրդվելի են, ինչը դժվար է ասել հարթակում գտնվողներից շատերի մասին:

Եւ այսպես, հուլիսի 26-ի հանրահավաքին հետեւած երթից հետո, որը գրեթե առանց միջադեպի տեղի ունեցավ, մարդիկ կրկին հավաքվեցին Խորենացու փողոցում: Այդ ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը 3 րոպե ժամանակ տվեց ոստիկանությանը, որպեսզի վերականգնվի ՊՊԾ գնդի ներսում գտնվողների կապի միջոցները եւ իրենք տեղեկանան, թե տղաներն ինչ վիճակում են` հակառակ դեպքում նա սպառնաց անցնել կտրուկ քայլերի: Անցավ մոտ 20 րոպե, Ենիգոմշյանն այս անգամ էլ 2 րոպե ժամանակ տվեց ոստիկաններին: Ցուցարարներին ուղեկցող երկու-երեք ոստիկանի հետ կարճ բանակցելուց և բանավիճելուց հետո, պարզ դարձավ, որ վերադասները Ենիգոմշյանի հետ երկխոսության մեջ մտնելու մտադրություն չունեն: Ենիգոմշյանը, սակայն, կտրուկ քայլերի չդիմեց` գերադասելով բարձրանալ հարթակ եւ շարունակել կեսգիշերային հանրահավաքը:

Ելույթ ունեցավ Գերագույն խորհրդի նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը` ասելով, որ իշխանություններն այսօր չեն քնելու: Ապա վայրկյաններ ասաց, թե. «Մենք գիտակցում ենք պահի լրջությունը և լարվածության չենք գնալու»: Բաղդասարյանը, չնայած դեմ արտահայտվողների հոծ զանգվածին, հորդորեց լքել տարածքը և նույն ավյունով վերադառնալ վաղը: Այդպիսով, Բաղդասարյանը հնարավորություն տվեց իշխանություններին հանգիստ քնել:

Կոշտ ելույթով հանդես եկավ նաեւ Անդրեաս Ղուկասյանը` «Սերժի´կ, սիկտի´ր»,- հայտարարեց նա: Կոնկրետ գործողությունների ականատես այդպես էլ չեղանք: Իսկ երբ տուն գնալու կոչով հանդես եկավ Պարույր Հայրիկյանը, հանրության նյարդերը տեղի տվեցին` «Հայրիյանին հեռացրե´ք» բղավեցին ու հայհոյեցին նրան:

Ալբերտ Բաղդասարյանը փորձեց հանգստացնել մարդկանց` ասելով` հավատացեք, այստեղ ամեն բան կարգին է, միևնույն ժամանակ նկատեց. «Դժվար է որոշում կայացնել. մենք իրար հետ ճանապարհ չենք անցել, բայց ամեն բան կարգին է»:

Այսպիսով, զինված ապստամբներին աջակցող քաղաքական ընդդիմության առաջնորդները աչքի ընկան սաստիկ սկզբունքայնությամբ` իրենց խոսքի ու գործի նկատմամբ ցուցաբերելով անպատասխանատվություն ու անհամապատասխանություն: Ասել է թե`լիդերները տուն գնացին, մի քանի երիտասարդներ բողոքեցին, որ իրենց ոստիկանները ծեծել են Տիգրան մեծ փողոցում: Բայց նրանց ձայնը լսելի չդարձավ:

Արդեն ժամը 2:00-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչոիթյան պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց. «ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»:

Այնուհետեւ հայտարարություն տարածեց «Սասնա Ծռեր» խումբը` հայտնելով. «Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավելին,Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի»:

Ու մինչ վիրավորներին բժիշկները վիրահատում են, ոստիկանները Խորենացի փողոցից սկսեցին «կուլտուրական» բերման ենթարկել մի քանի քաղաքացիների:

Հետաքրքիր է` ինչ կլինի հուլիսի 27-ին Խորենացու փողոցում:

Նկատենք, որ մինչեւ վերջին պահը Խորենացու փողոցում էին ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը և Գյումրում «Ասպարես» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Վերջնիս, ի դեպ, այսօր բերման ենթարկեցին:




Լրահոս