«ՋԱԶՆ ԱՎԵԼԻ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ջազի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 23-30-ը Երեւանում կտիրի ուրախ ջազային մթնոլորտ։ «Arm Jazz week» խորագիրը կրող համերգների շարքը մեկնարկեց հոկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, որտեղ կայացած գալա համերգին մասնակցեցին ոչ միայն հայ ջազմենները, այլեւ արտերկրից ժամանած պատվավոր հյուրեր։
Պատվավոր հյուրերի շարքում էին արմատներով հայ, հայտնի ջազմեններ Թավիջյան եղբայրները (Մակեդոնիա) եւ Մայք Մոսեսյանը (Ավստրիա) իր խմբի անդամներով։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում երաժիշտները նշել էին, որ շատ ուրախ են Հայաստանում գտնվելու համար։ Թավիջյան եղբայրներից ավագը մասնավորապես նշել էր, որ երաժշտական ունակություններն իրենք ժառանգել են հորից, իսկ ինքը սիրում է տարբեր երկրների երաժշտությունները համադրել միմյանց հետ ու հանդես գալ իմպրովիզ աշխատանքներով։ Նրանք շրջագայել են ամբողջ աշխարհում եւ հանդես եկել տարբեր համերգային ծրագրերով, սակայն Հայաստանում կայանալիք համերգը մի փոքր առանձնահատուկ է լինելու։
Համերգին մասնակցեց նաեւ Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդը գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ։ Մաեստրո Ե. Երզնկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մասնավորապես ասաց. «Թավիջյան եղբայրները շատ լավ, բարձր մակարդակի ջազ ներկայացրին… Հետո ելույթ ունեցավ Հանրային ռադիոյի ջազ բենդն իմ գլխավորությամբ, այսինքն՝ ջազի շաբաթը բացվեց։ Այսօր, վաղը, մինչեւ հոկտեմբերի 30-ը այն շարունակվելու է «Մեցցո» ակումբում եւ հոկտեմբերի 30-ին եզրափակվելու է Մարտին Վարդազարյանի եւ ինձ հետ հանդիպումով։ Բոլոր համերգները, բացի հոկտեմբերի 23-ից, լինելու են այդ ակումբում»։
Մեր հարցին, թե ինչպիսի հանդիսատես է ներկա լինում ջազ համերգներին, նրանք արդյոք տարբերվում են այլ ոճի համերգների հանդիսատեսից, պարոն Երզնկյանն ասաց. «Իսկական ջազի հանդիսատեսը նա էր, ով մնաց մինչեւ վերջ, ջազի հանդիսատեսը տարբերվում է մյուսներից նրանով, որ ավելի պատրաստված է երաժշտական առումով եւ գիտի ջազը, որը մի քիչ ավելի ինտելեկտուալ երաժշտություն է։ Իհարկե, կային մի քանի հոգի, ովքեր դահլիճից դուրս եկան հենց համերգի սկզբում. չէին հասկացել՝ ուր են եկել։ Նրանց մի մասը զբոսաշրջիկներ էին, մյուս մասն էլ՝ պապսա սիրողներ, բայց նրանց քանակը շատ մեծ չէր՝ տասը հոգու չէր հասնի։ Մնացածը շատ բուռն եւ լավ ընդունեցին կատարումները։ Հայաստանում ջազը հասկանում են։ Հայկական ջազի 75-ամյակին նվիրված միջոցառումները զուգադիպել են Մարտին Վարդազարյանի 75-ամյակի հետ. նա, ի դեպ, նոյեմբերին ունենալու է հեղինակային համերգ»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս