Իշխանությունները արյունով են եկել, արյունով էլ պետք է հեռանան. արյունահեղություն չի կարող չլինել. Ռուբեն Հախվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 26-ին մեծ ոգևորությամբ մեկնարկած հանրահավաքն ավարտվեց դժգոհությամբ: Քաղաքացիներին հռետորները ստիպողաբար տուն ուղարկեցին: Սրանից անմիջապես հետո ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում են ստացել Պավել Մանուկյանը, նրա որդին և մի ոստիկան: Նրանք վիրավորում են ստացել ոտքի շրջանում. վիճակները գնահատվում է կայուն ծանր:

Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ:
Մեր դիտարկմանը, որ հանրահավաքի առաջնորդներին ժողովրդի մի զանգված մեղադրում է իրեն մենակ թողնելու եւ տուն ուղարկելու մեջ, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Ճիշտ արեցին, ամբողջ գիշեր մնալն էլ մի բան չի, երեխեք, թոռներ ունենք…»:
Անդրադառնալով Պավել Մանուկյանի եւ նրա որդու վիրավորվելուն` երգահանը նկատեց. ««Սասնա ծռերը չլինեն, Պողոսը կլինի, Պողոսը չլինի, Պետրոսը կլինի, միշտ պետք է դուրս գալ փողոց»:

«Թերեւս այսօրվանից շատ բան է կախված»,-նշեցինք մենք. «Այո, հավաքները պետք է շատանան, ժողովուրդը պետք է այնքան շատանա, որ մեծ աղմուկ բարձրանա, ավելի շատ մասսայի եմ սպասում»,-մեկնաբանեց Ռ.Հախվերդյանը, ապա հավելեց. «Իշխանությունները արյունով են եկել, արյունով էլ պետք է հեռանան»:
Ինչ վերաբերում է հանրահավաքին Պարույր Հայրիկյանի ներկայությունը ժողովրդի կողմից քննադատվելուն, «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Արմեն Մարտիրոսյանի հասցեին հնչած մեղադրանքներին, երգահանը նշեց. «Ես չգիտեմ, ես ոչինչ չեմ լսել` ով է քննադատել, ինչ է քննադատել»:

Իսկ մեր այն հարցին, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի արյունահեղություն չլինի, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Չի կարող չլինել»: «Խուսափելու ոչ մի ձեւ չկա՞»,-շարունակեցինք մենք, իսկ Ռ.Հախվերդյանը եզրափակեց. «Ես չգիտեմ»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս