«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ իշխանություններն արդեն պատրաստվում են դիմավորելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինին: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ականներն իրենց մերձավոր շրջապատում քննարկում են, թե այդ այցը ինչ է տալու Հայաստանին: Նշվում է նաեւ, որ Վ. Պուտինի այցից հետո նոր կոալիցիոն հուշագիր է ստորագրվելու, որին միանալու է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին: -Պարոն Շարմազանով, տեղեկություններ են շրջանառվում, որ նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի վերջո այցելելու է Հայաստան: Կա՞ իրականում նման բան: -Ռուսաստանի նախագահի այցի հերքումը կամ հաստատումը պետք է անի ՌԴ նախագահի գրասենյակը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին` ընդունող եւ հրավիրող կողմին, ապա դա էլ պետք է անի Հայաստանի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը: -Իսկ ՀՀԿ-ում որեւէ քննարկում եղե՞լ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված: -Ոչ, որովհետեւ դա իմ լիազորությունների շրջանակից դուրս է, դա նախագահի ու նախագահի աշխատակազմի լիազորությունների շրջանակում է: Ես՝ որպես պարկեշտ, նորմալ, օրենքը պահող քաղաքացի, չեմ զբաղվում այն հարցերով, որոնք որ իմ լիազորությունների մեջ չեն մտնում: -Տեղեկություններ կան նաեւ, որ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցից հետո ՀՀ իշխանությունները պատրաստվում են նոր կոալիցիոն հուշագիր ստորագրել, որին այս անգամ կմիանա նաեւ «Բարգավաճ Հայաստանը»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը: -ՀՀԿ գործադիր մարմնի նիստում երբեք չի քննարկվել հնարավոր նոր կոալիցիայի կամ հին կառավարությանն այդ ուժի անդամակցության հարցը: Մինչեւ այս պահը գործադիր մարմնում մենք նման հարց չենք քննարկել: -Իսկ գուցե կուսակցականներո՞վ եք «ներքին» քննարկում ունեցել: -Ես արդեն նշեցի, որ մինչեւ այս պահը նման քննարկում չի եղել: ՀՀԿ-ում որտե՞ղ է նման հարց քննարկվել: ՀՀԿ-ում ամենաակտիվ մարմինը գործադիր մարմինն է, իսկ այնտեղ նման քննարկում չի եղել: Հ. Գ. Տեղեկություններ են շրջանառվում, որ գալիք շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստում կքննարկվի ինչպես այս, այնպես էլ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման հարցը: