Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին նիստում՝ Վարշավա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ պետք է համաձայնի հողերը հանձնել Ադրբեջանին, կա՛մ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է: Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետեւից, Մայր Թերեզայի դեմքի արտահայտությամբ շտապում են փոխզիջումների մասին խոսել, իբր հողերի հանձնումն այլընտրանք չունի եւ այսպես շարունակ:
Իհարկե, Հայաստանում բոլորը լավ գիտեն, որ այն պաշտոնյան, որը կփորձի հողեր հանձնել, ոչ միայն իր քաղաքական կարիերային վերջ կդնի, այլ կվտանգի իր ֆիզիկական գոյությունն ընդհանրապես: Այս իմաստով մի տեսակ հանգստություն կա հասարակական տրամադրություններում։
Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ-ականներից պարզել, թե կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում, եւ ինչպես են զիջումների թեմային արձագանքել նժդեհական ներկայացողները։ ՀՀԿ երիտթեւի 41-ամյա նախագահ Կարեն Ավագյանը, ի պատասխան մեր հարցին, ասաց. «Ոչ մի բան չունեմ այս մասին ասելու: Այսօր (երեկ) Արմեն Աշոտյանը մեծ ասուլիս է տվել, Էդուարդ Շարմազանովն էլ ԳՄ նիստերից հետո ներկայացնում է ամեն ինչ, ոչինչ չունեմ ավելացնելու»։ Իսկ ՀՀԿ խմբակացության եւ գործադիր մարմնի մեկ այլ անդամ Գագիկ Մինասյանն էլ լղոզեց հարցի բուն էությունը՝ ասելով. «Մենք շատ հաճախ անդրադառնում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ դրա կարգավորման հնարավորություններին»:
Այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ ԼՂՀ հարցով կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը իր կուսակիցներին։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ին փաստացի պատկանող «Արարատ» հեռուստաընկերությունը առաջիկայում նոր սեփականատեր կունենա: Վերջին օրերին քաղաքական եւ լրագրողական շրջանակներում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Արարատ» հեռուստաընկերությունը պատրաստվում են գնել Վահագն եւ Բագրատ Սարգսյանները: Վերջիններս ժամանակին հիմնադրել էին «Արմենիա» հեռուստաընկերությունը, այնուհետեւ այն վաճառել Միքայել Մինասյանին եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Այնտեղ էլ Սարգսյան եղբայրները հիմնել են «USArmenia TV» հեռուստաընկերությունը, որը մինչ օրս գործում է: «Ժողովուրդ»-ը փորձեց «Արարատ» Հ/Ը-ն ղեկավար Միհրան Հակոբյանից ճշտել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում, սակայն նա մեզ պատասխանեց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: Բայց ինչպես ասում են՝ ծուխն առանց կրակ չի լինում, եւ առաջիկա ամիսներին ամեն ինչ պարզ կդառնա:
Ինչպես հայտնի է՝ միայն նույնականացման քարտ ստացած անձանց ընտրական ցուցակներում ընդգրկելու եւ քվեարկության ընթացքը համացանցով հեռարձակելու համակարգի ներդրման համար 16 մլն եվրո գումար է անհրաժեշտ, որից ՀՀ կառավարությունը պարտավորվել է հատկացնել 3 մլն-ը, եւս 10 մլն եվրո էլ խոստացել էին հատկացնել Եվրոպական միությունը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Սակայն, եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը մնացած 3 մլն-ի խնդիրը չլուծվի, ապա ՀՀ կառավարությունը կչեղարկի վերը նշված համակարգերի ներդրումը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ երեկվա դրությամբ նշված գումարի հայթայթման հետ կապված ոչ մի որոշակիություն դեռեւս չկա: Կարելի է ասել, որ ժամանակը ՀՀ իշխանությունների օգտին է աշխատում, քանի որ նրանք համոզված են, որ անհրաժեշտ գումարը չի հավաքվի եւ ընտրական ցուցակները չեն մաքրվի, ու քվեարկությունն էլ օնլայն չի հեռարձակվի:
Ամեն անգամ, երբ հերթական հուժկու կարկուտը ոչնչացնում է մի քանի տասնյակ գյուղերի պտղատու այգիների եւ բանջարանոցների բերքը, բոլորը սկսում են գլուխ կոտրել, թե ինչպես կարելի է գյուղացուն պաշտպանել: Արդեն մեկուկես տասնամյակ է՝ Հայաստանում քննարկվում է գյուղատնտեսությունն ապահովագրելու խնդիրը, բայց այդպես էլ այս հարցին լուծում չի տրվում: Ժողովուրդը պարզեց, որ երկու տարի շարունակ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ կենտրոնական բանկը եւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը ուսումնասիրել են գյուղատնտեսության, ավելի կոնկրետ՝ խոշոր եղջերավոր անասունների ապահովագրություն ներդնելու հնարավորությունը եւ հանգել են այն մտքին, որ անհրաժեշտ է մշակաբույսերի ապահովագրության մասին մտածել, եւ այժմ էլ այդ տարբերակն են ուսումնասիրում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե նշված ուսումնասիրությունները երբ կավարտվեն, ՀՀ ԳՆ գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել:
ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄ
Հետեւելով այն ակտիվությանը, որն արդեն իսկ առկա է հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ, դժվար է չընդունել, որ առնվազն Գյումրու եւ Վանաձորի ինքնակառավարման մարմինների ընտրակարգում կատարված փոփոխությունները դրական ազդեցություն կարող են ունենալ մեր քաղաքական դաշտի վրա:
ՀՀ Սահմանադրության փոփոխության, ապա ընտրական նոր օրենսգրքի ընդունման գործընթացում հաճախ էր նշվում քաղաքական կուսակցությունների դերակատարության մեծացման անհրաժեշտությունը: Եթե կոնկրետ խորհրդարանի ձեւավորման նոր կարգում կուսակցությունների դերի մեծացմանը միտված մեխանիզմները բավականին վիճահարույց են, ապա Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում համամասնական ընտրակարգի կիրառումը միանշանակ նպաստելու է տեղերում քաղաքական ուժերի ակտիվացմանն ու մրցակցության արդյունքում գործունեության արդյունավետության մեծացմանը:
Տարիներ շարունակ արձանագրել ենք, որ ընդդիմադիր կուսակցությունները զրոյական հետաքրքրություն են ցուցաբերում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ, անգամ խոշոր քաղաքներում: Այն հատուկենտ բացառություններն էլ որ եղել են, կրել են ավելի շատ տեղային-անձնավորված բնույթ, քան բխել են կուսակցական քաղաքականությունից: Եվ արդյունքում ունեցել ենք մի իրավիճակ, երբ այս կամ այն նորաստեղծ ընդդիմադիր ուժը պոպուլիստական արմատական հայտարարությունների, ինչպես նաեւ այդ պահին իշխանությունների գծած սցենարում տեղավորվելու արդյունքում մեկեն հայտնվել է ԱԺ-ում՝ չունենալով քաղաքական որեւէ փորձառություն, իր ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքի որեւէ տեսանելի արդյունք եւ պատասխանատվություն, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է ունեցել հետագայում խորհրդարանական ողջ ընդդիմության գործունեության վրա:
Այս ամենից էլ մեծ հաշվով տուժել է ժողովուրդը, քանի որ մի կողմից խաբվել է՝ իր ձայնը տալով ամբոխահաճ, փուչ հայտարարություններ անող ընդդիմադիր ուժերին, մյուս կողմից էլ ստիպված է եղել համակերպվել իշխող ուժի վերարտադրության հետ, քանի որ վերջինիս համար նման ընդդիմության պարագայում դա զգալիորեն հեշտանում էր:
Հիմա, սակայն, այլեւս ընդդիմադիր ուժերը կարող են եւ պետք է նախ՝ իրենց կարողությունները դրսեւորեն առայժմ ՀՀ 2-րդ եւ 3-րդ քաղաքներում՝ ոչ միայն մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, այլեւ շեմը հաղթահարելու դեպքում՝ ավագանու իրենց գործունեության ընթացքում ցույց տալով, թե պոպուլիզմից անդին ինչի են ունակ: Իշխանությունների համար էլ ընդդիմադիր ուժերի նման մասնակցության պարագայում վերարտադրությունը որոշակիորեն բարդանալու է, նաեւ հետագայում է դժվար լինելու ակտիվ ընդդիմադիր ավագանու առկայությամբ տեղական իշխանիկների իրենց նախկին գործելաոճի շարունակությունը:
Մնում է, որ ընդդիմությունը կարողանա ճիշտ ժամանակին միավորվել՝ էլ ավելի փոքրացնելով իշխանության միահեծանության շանսերը: